Հարավային Կորեայի գործող նախագահը պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին քննիչները ձերբակալել են իր նստավայրում. նրանք եկել էին կալանքի օրդերն իրականացնելու: Այս մասին գրում են Reuters-ը, The New York Times-ը և Yonhap գործակալությունը։


«Վարչությունը ձերբակալել է նախագահ Յուն Սոկ Յոլին ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով»,- նշել է Yonhap գործակալությունը։


Նստավայր ժամանած քննիչները ոստիկանների հետ միասին իրենց հետ բերել էին սանդուղքներ՝ հնարավոր բարիկադները և նախագահի բողոքող կողմնակիցների ու նրա անվտանգության ծառայության աշխատակիցների դիմադրությունը հաղթահարելու համար։ Սակայն նրանք դիմադրություն չեն ցուցաբերել։


Յուն Սոկ Յոլն այժմ 48 ժամվա ընթացքում կհարցաքննվի դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն մտցնելու գործով (ըստ Yonhap-ի՝ հարցաքննությունն արդեն սկսվել է)։ Դրանից հետո քննիչները կարող են միջնորդել պաշտոնական կալանքի առանձին օրդեր ստանալու համար:


Յուն Սոկ Յոլը դարձել է Հարավային Կորեայի առաջին գործող առաջնորդը, որը ձերբակալվել է քրեական գործով հարցաքննության համար, հայտնում է Reuters-ը։


Ձերբակալությունից հետո հրապարակված տեսաուղերձում Յուն Սոկ Յոլն ասել է, որ համաձայնել է ենթարկվել հարցաքննության, որպեսզի կանխի «արյունալի բախումը» իր անվտանգության ծառայության աշխատակիցների և ոստիկանների միջև: Նա հետաքննությունն ու իր ձերբակալման օրդերը անվանել է անօրինական։