Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստում է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության» մասին՝ արձանագրելով հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, ԻԻՀ-ի, ինչպես նաև ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ հարաբերությունների որակն ու մակարդակը, ընդդիմադիր դաշտում սուգ է, ողբ ու կական, խուճապ ու ՀՀ-ին սպառնացող «զուլումի» մասին սրտաճմլիկ կանխատեսումներ։
Այս՝ կարեկցանք հարուցող հոգեվիճակի պատճառը
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև նախօրեին ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթուղթն է, որի
ստորագրման փաստն ինքնին կարևոր ազդակ է ՀՀ-ին
սպառնացող արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, մեր պետության անվտանգային իմունիտետը բարձրացնելու առումով։ Բայց, ահա, նորին պայծառակերպություն ընդդիմությունը,
որի դարդն ու ցավը, իբր, երկրիս փրկությունն է «ադրբեջանացումից ու թրքացումից», այդ հանգամանքից բնավ չի ոգևորվել։ Ինչո՞ւ, քանի
որ չի ոգևորվել նաև ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, որի տրամադրությունների արտացոլանքն
էլ ինքը՝ ընդդիմությունն է իր օրակարգով ու
գործողություններով։
ՀՀ արտաքին քաղաքականության բալանսավորումը, ինչպես գիտենք, Կրեմլը հասկանում է որպես ընդդեմ իրեն արված քայլ, Կրեմլի իջեցրած «մեթոդական ձեռնարկով» առաջնորդվող հայրենի ընդդիմությունն էլ, «կադրային չեկիստներից» մինչև «կադրից դուրս» մնացած աշխուժակներ, գործող իշխանությանը մեղադրում է ՀՀ-ի «արևմտականացման» և այդպիսով սեփական գլխին «ավեր ու աղետ» բերելու մեջ։ Ի դեպ, պետք է շնորհակալ լինել ռուսական շահերի հայաստանյան լոբբիստներին իրենց անկեղծության, ավելի ճիշտ՝ բացբերանության և «աղետ ու ավեր» բերողի կոորդինատները ճշգրիտ հուշելու համար՝ Ռուսաստանի Դաշնություն, Պուտինի ադմինիստրացիա, հեռախոս...
Քաղաքական գործունեության ձախորդ փորձ ունեցող «կադրային չեկիստ» Արթուր Վանեցյանն
էլ, միանալով «սգակիր» իր գործընկերներին, որոշել է մասնագիտական կարծիք հայտնել ստորագրված փաստաթղթի
մասին։ Բայց քանի որ չեկիստները, որպես կանոն,
կարծիք հայտնելու մեջ օրիգինալություն չեն
ցուցաբերում, ուստի ԱԱԾ նախկին տնօրենն էլ մեկին մեկ կրկնել է Օվերչուկի, Պեսկովի,
Լավրովի և իր մյուս քաղաքական «մենթորների» կարծիքը։ «Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում
Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Իր հերթին ՌԴ-ն
ըստ էության հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության
հարց և մնալ ԵԱՏՄ անդամ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը
շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել
մեր հայրենիքի գլխին»,- «լավրովապես», «պեսկովավարի» ու «օվերչուկաբար» աղաղակել է
Վանեցյանը և, ուշադրություն, շենշող արձանագրում արել. «Պետական ցանկացած որոշման հիմքում
պետք է ընկած լինի հայրենիքի շահն ու այդ որոշման արդյունքների և հետևանքների մանրակրկիտ
հաշվարկը։ Մինչդեռ այս պարագայում ակնհայտ է այլոց շահերից բխած շտապողականությունը։
Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝
առանց բացառությունների»։
Փաստորեն, ըստ տավարիշչ Վանեցյանի, որին վստահվել է ՀՀ ազգային անվտանգության ոլորտի
կառավարումը, ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության խորացումը
բխում է ոչ թե փոքր, հարևաններից առնվազն երկուսի հետ չկարգավորված ու գերզգայուն հարաբերություններ
ունեցող ՀՀ-ի, այլ գերիշխան պետություն ԱՄՆ-ի
շահերից։ Այդ գերտերություն Ամերիկան էր, որ ստիպում էր ՀՀ-ին զարգացնել իր ժողովրդավարական
ինստիտուտները և դավադրաբար
շտապեցնում իր հետ նման փաստաթուղթ ստորագրել՝
ֆիքսելով՝ «ուժեղ,
անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը,
տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը,
առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»։ Ռուսը լիներ
կասեր՝ «կակայա դոսադա, վեկ վոլի նե վիդած»:
Զավեշտ է, երբ «մանրակրկիտ հաշվարկից», այն էլ՝ արտաքին քաղաքականությանն առնչվող,
խոսում է մեկը, որը ի պաշտոնե չի կարողացել հաշվարկել անգամ սեփական հեռախոսազանգերի
գաղտնիությունը՝ դառնալով սկանդալային գաղտնալսման թիրախ։ «Մանրակրկիտ հաշվարկ»-ի իր իմացած այդ մոդելով էր
երևի, որ պարոն Վանեցյանը, թողնելով ԱԱԾ ղեկավարի պաշտոնը, հայտարարում էր, որ ՀՀ-ում
կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են
ծավալում՝այդպես էլ չնշելով դրանց անունը (սովետի օրոք դատախազների աշխատանքի մասին
իր պատմած անեկդոտը վկա՝ «Главное, в ходе следственных действий не выйти на самих себя»), այդ մանրակրկտ հաշվարկի
հիման վրա է, որ ռուս պրոպագանդիստ Սոլովյովի տաղավարում 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, հավակնելով վերցնել ՀՀ-ում իշխանությունը, տրվում
էր ռուսական ագիտպրոպի սադրիչ հարցին ու «Կռիմ նաշ» էր ազդարարում։ Վանեցյանի իմացած
«մանրակրկիտ հաշվարկը», հաշվի առնելով նրա քաղաքական նախասիրությունները, այն պետք է լիներ, որ ՀՀ-ն շարունակեր մնալ հետքառասունչորսօրյա պատերազմի իրավիճակում, դաշնակցի
կողմից դավաճանված ու «քցված», ռուս-թուրք-ադրբեջանական
տանդեմին դեմ հանդիման, սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
բախտի քմահաճույքին թողած՝ «բրախած», ՀՀ սահմանների տեղը չիմացող ՀԱՊԿ-ի դիտորդների հույսին մնացած, կարճ ասած՝ աբսուրդի
ժանրի հայտնի պիեսի սյուժեին հավատարիմ՝ «Գոդոյին սպասելիս»։
Ի դեպ, քանի որ «ժանրերի» թեման բացվեց,
ապա «ժանրի կանոնները» հուշում են, որ սեփական
երկրի մասին վանեցյանաբար դատող քաղաքական սուբյեկտները, որոնց թիվը, ի դեպ, քիչ չէ,
շուտով (ըստ ամենայնի՝ Կոպիրկինի կոնտորայից իջեցված հրահանգով) կմոբիլիզացվեն, ու կտրվի Նիկոլ Փաշինյանին գահընկեց
անելու օրակարգով փողոցային պայքարի հերթական մեկնարկը՝ ՀՀ-ին սպառնացող եվրոպա-ամերիկյան
«կործանարար ինտեգրացիան» կանխելու սրբազան նպատակով։ Ինչ արած. «Пилите , Шура, пилите...!»։