2024-ին հաջողվել է էականորեն կրճատել ՃՏՊ-ների, պատահարներից զոհերի և վիրավորների թիվը. ՆԳ նախարար

2024 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի կրճատում։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։



«2024 թվականին մեզ հաջողվել է էականորեն կրճատել ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը։ 2024 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 299-ով նվազում, զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ վիրավորներինը՝ 421-ով։ Առհասարակ, եթե ուսումնասիրենք ՃՏՊ-ների մասով մեր ունեցած իրավիճակը, պետք է նկատենք, որ այստեղ մեծ գործոն ունի թե՛ անվտանգային մշակույթի առկայությունը վարորդների մոտ, թե՛ ոստիկանական աշխատանքի ավելի ինտենսիվացումը, թե՛ նաև տրանսպորտային միջոցների զգալի աճը։Այսինքն՝ 964 հազար տրանսպորտային միջոցների գոյության և շարունակության պայմաններում մենք կարողացել ենք ավելի քիչ թվով զոհեր ունենալ, քան ունեցել ենք շուրջ 560 հազար տրանսպորտային միջոցների պայմաններում»,- ասաց Սարգսյանը։