Ռուսական ագիտպրոպի՝ ՀՀ պետական շահերի, ՀՀ իշխանության հեղինակության դեմ իրականացվող հիբրիդային հարձակումները շարունակվում են։ Այս անգամ նույնպես այդ հարձակումն իրականացվել է եթերում, «գեբելսյան» գործիքի բանեցմամբ՝ տիրաժավորել կեղծ թեզեր, խոսույթներ՝ դրանք համեմելով զրպարտախոսությամբ։
Հիշյալ գործիքը բանեցրած «Russia Today»
գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է՝ չգիտի՝
«Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ իր կողմից հնչեցված կոնկրետ ո՞ր հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան
Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
«Ես չեմ հասկանում,
թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. դեռևս մեկնաբանելու
ոչինչ չկա»,-չքմեղացել է մեկնաբանը՝ ինքզինքը
դնելով «ռետինե խողովակի» տեղ։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՏԱ
նախարար Մխիթար Հայրապետյանը նշել էր, որ Կիսելյովի կողմից անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության
մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը դեմ են։
Նախարարը չէր բացառել, որ հիշյալ հաղորդումը կարող է ՀՀ-ում այլևս չհեռարձակվել:
Այս հայտարարությանը հաջորդեց ՀՀ-ում ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ
կանչելն ու համապատասխան բողոքի հայտագիր հանձնելը։ «2025թ. հունվարի 12-ին
Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում
թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին
արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և
տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը»,- նշված
էր ԱԳՆ հայտարարության մեջ։
Թվում էր, թե ռուսաստանցի գործընկերները գլխի կընկնեն՝ այդ
ինչ խոսույթների մասին է խոսքը, ու հետևություններ կանեն, սակայն, ինչպես պարզվեց
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովայի արձագանքից, վերջինս նույնպես «ռետինե խողովակի» սինդրոմով է տառապում։ «Երևանի արձագանքը «Վեստի նեդելի» հաղորդմանը տարակուսանք է
առաջացնում, քանի որ այն վերաբերում է լրագրողների արտահայտություններին։ Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի
ազատությանը, և առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է
դարձրել: Մեր պաշտոնական արձագանքը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական
դիրքորոշումը Երևանին քաջ հայտնի է»,- արձագանքել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Արդ, խոսքի ազատության հայաստանյան ստանդարտները գովաբանող
տիկին Զախարովային ու ՌԴ ագիտպրոպի պատասխանատուներին լուսավորենք, որ խոսքը,
այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին է, որը
համառուսաստանյան ալիքի եթերում հնչեցրել է Կիսելյովը՝ անդրադառնալով Ադրբեջանի
նախագահ Ալիևի՝ վերջին աղմկահարույց հայտարարություններին։ Ընդ որում, հեռուստամեկնաբանը
հիշյալ՝ ՀՀ-ի համար անընդունելի
կապակցությունը շրջանառել է առանց թեականության՝ անաչառ դիտորդի մոտ
ստեղծելով նման միջանցքի գոյության մասին կեղծ, խեղաթյուրված պատկերացում։ Իսկ որ
ամենավտանգավորն է՝ լայն լսարան ունեցող ալիքի եթերում, փաստորեն, փորձ է
արվել լեգիտիմացնել ադրբեջանական (ոչ
միայն ադրբեջանական) կեղծ քարոզչաթեզերը, որոնցով
կասկածի տակ է դրվում ՀՀ
տարածքային ամբողջականությունը։
Գանք հերթով։ Հաղորդավարը, անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան «ակնհայտ սրացմանը», իր խոսքի սկզբում մանիպուլյատիվ արձանագրում է անում, թե՝
ՀՀ-Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում և
սահմանային վեճերի կարգավորման շուրջ «առաջընթաց չկա»՝ հավելելով, թե նման պայմաններում Ադրբեջանի համար կենսական
է դառնում ավտոմայրուղու գործարկումը, այսպես կոչված, «Զանգեզուրի
միջանցքում»։ Ահա այս համատեքստում,
զարգացնելով իր կեղծ պնդումը՝ Կիսելյովը նշում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի
միջանցք»-ի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի
եռակողմ հայտարարությամբ՝ ստորագրված Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև։ Ապա տեսակադրերի
ուղեկցությամբ ռուսական ալիքի մեկնաբանը բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում
այդ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ իբրև թե տեղ գտած «միջանցքը»։ «Ընդամենը
40-կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը» պետք է
Ադրբեջանը կապի էքսկլավ Նախիջևանին, այդտեղից էլ՝ Թուրքիային»։ Կիսելյովն այնուհետ մեկ այլ մանիպուլյացիայի է
դիմում, թե իբր Փաշինյանը հրաժարվում է ձեռք բերված այս՝ «Զանգեզուրի միջանցքին»
վերաբերող պայմանավորվածությունից և դրա փոխարեն առաջարկում է իր՝ «Խաղաղության
խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացրել է 2023 թ. աշնանը։ Փաշինյանին գոյություն չունեցող պայմանավորվածություն վերագրելու
այս արատավոր պրակտիկան, ի դեպ, առաջին անգամ չէ, որ բանեցվում է՝ ՌԴ պետդումայի
պատգամավոր Կ. Զատուլինն էր, հիշեցնենք, ժամանակ առաջ պնդել, թե «միջանցքը
ստորագրել է Փաշինյանը»։
Արդ, սույն բացատրական աշխատանքից հետո Զախարովան, Կիսելյովը և ռուսաստանցի մեր մյուս «քույրերն ու
եղբայրները», հուսանք, վերջապես կընկալեն ՀՀ-ի հնչեցրած բողոքի նոտան և ռուսական եթերն այլևս
չեն օգտագործի Ալիևի ներվային հոխորտանքները տիրաժավորելու և նրա շուրթերով «Զանգեզուրի
միջանցքի» լոբբինգն անելու համար։
Ի դեպ, Կիսելյովը մեկ այլ զրպարտախոս պնդում էլ է
անում։ Նշելով, թե այս ամենի ֆոնին ՀՀ-ում
մեկնարկել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը, վերջինս հնչեցնում է Կրեմլի շանտաժը ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի կատարմամբ, թե՝ եթե
ՀՀ-ն որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և գնա տնտեսական դժվարություններ կրող ԵՄ, այսպիսով «Տիտանիկ»-ի տոմսի ձեռք կբերի։ Այն է՝ գազը կթանկանա, ՀՀ
քաղաքացիների եկամուտները կկրճատվեն և
այլն, և այն։ «Եվ այսուհանդերձ, Փաշինյանը
առաջ է մղում իր գիծը՝ ՌԴ-ի՝ իր ներկայիս դաշնակիցների և գործընկերների հետ
հարաբերությունների խզում։ Այսպես, տարեվերջին ՀՀ ղեկավարը հայտարարել է, թե չի
մեկնելու Մինսկ՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ անդամ
երկրների ղեկավարների հանդիպմանը»,- ազդարարում է Կիսելյովը։
Նշենք, որ պաշտոնական Երևանի կողմից երբևէ չի արվել հայտարարություն, որ ՀՀ-ն պատրաստվում է խզել իր հարաբերությունները ՌԴ-ի և մյուս գործընկերների հետ, այս անփաստարկ պնդումը նույնպես Կիսելյովի երևակայության արգասիքն է։ Ինչ վերաբերում է Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելուն, ապա Ն. Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ պատվիրակությունը դրան մասնակցելու է հեռավար ֆորմատով՝ տեսակապով։
Ի դեպ, արժե հիշեցնել, որ 2023 թ. մայիսին, երբ Ադրբեջանի նախագահը Եվրասիական
բարձրագույն տնտեսական խորհրդի գիտաժողովի ժամանակ կրկին խոսեց,
այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը նախագահող
Վլադիմիր Պուտինից արձագանքի թույլտվություն խնդրեց ու մասնավորապես ասաց. «Իր
ելույթում Ադրբեջանի նախագահը կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներում
որպես գլխագիր է ծառայում Հայաստանի հանդեպ տարածքային ոտնձգություններ
ներկայացնելու համար: Սա օգտագործվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի
շրջանակներում: Այնինչ այդ հայտարարությունում խոսվում է միայն մեկ միջանցքի
մասին, որը պետք է լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և ցավոք սրտի,
ապօրինաբար արգելափակվել է Ադրբեջանի կողմից: Մյուս կողմից, ցանկանում եմ ընդգծել
Հայաստանի կամքը՝ բացելու տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները՝ թե տնտեսական և թե
տրանսպորտային: Սա շեշտվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետով»:
Պուտինն էլ արձագանքեց. «Բայց այն, ինչ ես
լսեցի Ադրբեջանի նախագահի ելույթում, նրա մասին էր, որ ստեղծվում են պայմաններ՝
1991 թվականի սահմանները ճանաչելու համար: Սա հույս է տալիս ենթադրելու, որ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տրանսպորտային
ապաշրջափակման շուրջ»: Բանեցնելով, այսպես ասած, «կռուտիտի» հնարքը՝ Ալիևն էլ ծոր տվեց. ««Միջանցք» եզրույթը ուրիշի տարածքի
հանդեպ հավակնություններ չի նշանակում, այն կիրառվում է նաև Հյուսիս-Հարավ,
Արևելք-Արևմուտք միջանցքների համար: «Միջանցք»-ը միջազգային եզրույթ է, և մարդիկ,
ովքեր ծանոթ են միջազգային տերմինոլոգիային, դրան այնքան կարևոր նշանակություն
չէին տա, ինչպես դա անում է Հայաստանի վարչապետը»:
Այս նույն մարդու՝ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքը կբացենք»-ի մասին հոխորտանքները, փաստորեն, Պուտինի ագիտպրոպի սրտով են, այլապես դրանք փութաջանորեն չէին վերաթողարկվի համառուսաստանյան եթերում՝ քարոզչական մակարդակում՝ կիսելյովների «խոսքի ազատության» անվան տակ փորձելով նյութականացնել գոյություն չունեցող բանը՝ «միջանցք» կոչեցյալը։
Հեղինե Մանուկյան