Հայաստանը սկսել է գաղութարար պետության ճիրաններից դուրս գալու պրոցեսը․ Աբրահամյան

«Ուկրաինայում պատերազմը Եվրոպա գնացող պետությունների համար բացեց պատուհանը, ու մինչ այդ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ թեկնածու անդամ դառնալու հույս երկար ժամանակ չունեին»: Այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝  անդրադառնալով ԵՄ-ի ընդլայնմանը։


Ըստ Աբրահամյանի՝ ԵՄ-ի ընդլայնման պրոցեսը վերջին տարիներին արագացել է, իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարծիք ունեն այս մասին ՌԴ-ում կամ ԵԱՏՄ-ում, Աբրահամյանը ասաց. «Մենք հիմա ապագաղութացման պրոցեսում ենք։ 30 տարիների անկախացման ժամանակաշրջանում մենք նոր ենք սկսում գաղութարար պետության ճիրաններից դուրս գալու պրոցեսը»։


Անդրադառնալով որոշ քաղաքական գործիչների խոսքին, թե ավելի լավ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» տալ ռուսներին, քան Ադրբեջանը հարձակվի ու վերցնի, որովհետև Արևմուտքից չեն օգնելու, Աբրահամյանը ասաց. «Նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալը ամենամեծ անհեթեթությունը կլինի։ Այդ քաղաքական գործիչները թող ասեն, թե արդյոք երաշխիք ունե՞ն, որ միջանցքը որոշակի ժամանակ անց ՌԴ-ն չի հանձնի Ադրբեջանին կամ Թուրքիային։ Նման երաշխիքներ չկան, որովհետև ռուսական կողմը նահանջում է նույնիսկ իր համար խիստ կենսական տարածքներից։ Ռուսները նահանջեցին Սիրիայից ու իրենց տեղը զիջեցին Թուրքիային։  Եթե մեր ընտրությունը պետք է լինի ռուսական կամ թուրքական կողմի միջև, ապա մենք այդտեղ որևէ ընտրություն չունենք։ Միակ ընտրությունը պետք է լինի ԵՄ-ն»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան