Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման
հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում տեղի ունեցավ Եվրոպական միությանը Հայաստանի
Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Կա տեսակետ, որ ԵՄ գնալով
անհամատեղելիության ռեժիմներ են առաջանալու, և այստեղ հարց է առաջանում, թե որքանով
են տնտեսական մեր հնարավորությունները զարգանալու, և ԵԱՏՄ-ն հանդուրժելո՞ւ է մեր այս
քայլը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։
«Այսօր շատ ճիշտ ակցենտներ դրվեցին
այս քննարկման ժամանակ։ Պարոն Եղոյանը շատ ճիշտ նշեց, որ դեռ չենք հասել այդ փուլին,
երբ որ պետք է անհամատեղելիությունը քննարկենք։ Մենք այս պահին ճանապարհի սկզբին ենք։
Միշտ ասել ենք և հերթական անգամ պետք է ասել՝ թող որևէ մեկը պատրանքներ չունենա. սա
երկար ճանապարհ է, բայց ճանապարհ է, որի վերջում երևում է լույս: Եթե մենք հետևողական
լինենք, կհասնենք այդ լույսին, այսինքն՝ ՀՀ անդամակցությանը ԵՄ-ին։ Այս պահին քննարկել
ԵԱՏՄ-և ԵՄ-ի անհամատեղելիությունը, կարծում եմ՝ դեռ վաղ է, որովհետև դեռ տարիներ են
պետք, եթե ամեն ինչ լավ գնա, հասնելու համար այդ փուլին։ Այո՛, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն իրար
բացառող երկու ինտեգրացիոն միավորումներ են, բայց մենք նույնիսկ այդ ինտեգրացիոն իսկի
դռան մոտ էլ չենք, ինչքան էլ դա ուզենանք»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Խոսելով նաև այն մասին, որ ԱԺ-ում
մտավախություն հնչեց, թե հնարավոր է 2025-ին, ինչպես 2013-ին, «կամ-կամ»-ի առջև կանգնենք,
քաղաքագետն ասաց, որ ընդհանրապես այդ մտավախությունն ամենաորոշող բառն էր, որով կբնութագրվեր
այն, ինչ այսօր կատարվեց ԱԺ-ի 334 սենյակում, որովհետև անընդհատ հնչում էին մտավախություններ,
անընդհատ գեներացվում էին վախեր։
««Հայաստան» խմբակցության պատգամավորները
գեներացնում էին վախեր, նրանք ասում էին՝ իսկ ի՞նչ է լինելու, ԵԱՏՄ-ն ի՞նչ է ասելու։
Պարոն Եղոյանն ասաց՝ ԵԱՏՄ-ն ոչ մի բան չի կարող ասել, որովհետև մենք ԵԱՏՄ անդամ ենք,
և որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ԵԱՏՄ-ն չի կարող ոչ մի բան ասել, որովհետև,
սա արդեն ես եմ ասում, մենք բլոկ կդնենք։ Հետո, երբ նրանք տեսան, որ ԵԱՏՄ-ն չի անցնում,
արդեն սկսեցին Ռուսաստանից խոսել։ Ռուսաստանն ինչ կասի, ոնց կասի։ Գիտեք, Հայաստանում
եմ ապրում, ես Հայաստանի քաղաքացի եմ, ինձ համար կարևորը իմ երկրի շահն է։ Եթե իմ երկրի
շահը, ես դա այդպես եմ պատկերացնում, պահանջում է, որ մենք գնանք ԵՄ, ինձ ընդհանրապես
հետաքրքիր չէ, թե ԵԱՏՄ-ում ինչ կասեն, թե Ռուսաստանում ինչ կասեն։ Եվ ես կարծում եմ՝
ՀՀ ցանկացած քաղաքացի, եթե Հայաստանի քաղաքացի է և պաշտպանում է Հայաստանի շահերը,
պետք է այդպիսի մտածելակերպ ունենա»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան