ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատությանը, թե ուժային կառույցների հիմնական մասում և այլ պաշտոններին նշանակում է կանանց:
«Ես ուզում եմ հետևյալն ասել, որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար: Նշանակվել են, որովհետև արձանագրումը եղել է այն, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և այս համակարգում կարող են արդյունավետ աշխատել և ընդ որում՝ եթե իմ նշանակման կամ մեր կողմից առաջադրվող թեկնածու մասին է խոսքը, մեր կամ իմ գնահատականը եղել է այն, որ տվյալ պահին արդյունավետը կլինի այդ պաշտոնյան: Որևէ մեկը չի նշանակվել, պատկերացնում եք ինչ աբսուրդ է, այ որովհետև կին է, եկեք իրեն նախարար նշանակենք, որովհետև ինքը տղամարդ է, եկեք իրեն նախարար նշանակենք, կամ որովհետև կին չէ, եկեք իրեն հանենք նախարարի պաշտոնից:
Կներեք, ես լավ չեմ հասկանում այդ խոսույթը: Իսկ ընդհանրապես մենք այս խոսակցությունից դուրս համարո՞ւմ ենք, որ կանայք հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենան և մենք չպետք է, ոչ թե պետք է օգնենք, այլ պետք է չխոչընդոտենք, որ դա տեղի ունենա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն կանանց ներուժը չի կիրառվում, այլև հնարավոր բոլոր խոչընդոտները, ընդ որում՝ շատ դեպքերում գիտակցված, շատ դեպքերում չգիտակցված, կառուցում են, որ դա տեղի չունենա: