Օրհներգի տեքստում որևէ բան չի փոխվում, առաջարկը հետևյալն է, որ վերջին տունը դարձնենք երկրորդ, որ ՀՀ պետական օրհներգն ավարտվի «…Թող միշտ պանծա Հայաստան»-ով: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանեց, թե ինչու է կարծում, որ օրհներգը չպետք է ավարտվի «…Որ յուր ազգի ազատության կզոհվի»-ով:
Փաշինյանը պարզաբանեց՝ ընդունված է, որ հիմնից հետո ծափահարում են, ընդունված չէ պաշտոնական միջոցառումների ժամանակ հիմնից հետո չծափահարելը:
«Հիմնը հնչում է և ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս: Բայց ամեն անգամ դա դիսկոմֆորտ է առաջացնում: Ծափ չտանք, մի օր էլ ասուլիսին կարող եք ասել՝ մի ժամանակ Հայաստանում հիմնից հետո ծափ էին տալիս, հիմա դուք ծափ չեք տալիս: Ի՞նչ է նշանակում: Կարծում եմ՝ շատ նորմալ է, երբ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան»-ով, և մենք բոլորս ծափահարենք»,- ասաց նա: