Ադրբեջանին առաջարկ եմ արել, որը առաջարկ չէ, հարցի լուծում է․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ Այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, որ հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակելու վերաբերյալ։ «Երբ հստակ պայմանավորվածություն կլինի, տեղյակ կպահվի հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը խոսեց 2024 թվականին այս ուղղությամբ գրանցած առաջընթացից։ «Մենք պատրաստակամ ենք և, անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որն անցել է երկու երկրների ընթացակարգերով, և փաստորեն ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի հետ սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքներում»,- հայտնեց Փաշինյանը։


Անդրադառնալով խաղաղության պայմանագրին ու դրա հնարավոր ստորագրմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։


«Երկու չհամաձայնեցված կետ կա, և երկուսի մասով էլ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է լուծումներ։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։