Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։
Ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։
Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։
«Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է ցեղասպանություն։ Ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու, այլ ասում է ցեղասպանություն»,- ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը պարզաբանեց, որ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։