Ի գիտություն Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․


Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը գտնում է, որ դեկտեմբերի վերջին Գյումրիում հնարավոր էր կազմակերպել և անցկացնել ընտրություններ:


Իհարկե հնարավոր էր:


Միայն թե Կարեն Մալխասյանը, միտքը որպես մեղադրանք հնչեցնելով, հավանաբար մոռացել է, որ իր ղեկավարած խմբակցությունն ու ինքն անձամբ չեն ներկայացել 2024 թվականի նոյեմբերի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հրավիրած ավագանու արտահերթ նիստին՝ չապահովելով համապատասխան քվորում:


Գյումրու համայնքապետի պաշտոնակատարի հանդիպումները քաղաքացիների հետ, մինչ ունեցած դիրքի ու հնարավորությունների չարաշահում որակելը, պարոն Մալխասյանը պետք է որ հիշի՝ նույն դիրքն ու հնարավորությունները նաև ինքն ունի որպես ավագանու խմբակցության ղեկավար: Հետևաբար, գյումրեցու հոգսերին ու խնդիրներին ցանկության դեպքում նա ևս կարող է այցերի ու հանդիպումների միջոցով տեղեկանալ:


Ի գիտություն «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը երբեք քաղաքացիներին մոլորության մեջ չի գցում, սա մեր ձեռագիրը չէ: Իսկ այն, որ իշխող ուժն առավելություններ ունի, ճշմարիտ է: Այդ առավելությունների հիմքում փոխադարձ վստահությունը, հարգանքը, քաղաքացուն երբեք սեփական շահի համար չվնասելու անխախտ սկզբունքն է:


Այն, որ որոշ ուժեր Հայաստանի քաղաքական պատմության գիրկն անցնելու ճանապարհին են, տեսանելի է, սակայն անհեռատեսություն է սեփական անճարության և անհաջողությունների պատճառները փնտրել հաջողակների գործողություններում: