«Գիտեք, ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում ունեցած ելույթից հետո պատասխանելով բանախոս Դեյվիդ Քարիի հարցին՝ «ո՞րն է Ձեր եզրափակիչ ուղերձն այս մարդկանց, ովքեր տարբեր հավատքներ ունեն, բայց հավատում են, որ մարդիկ իրավունք ունեն դավանել իրենց սրտից բխող հավատքին։ Ի՞նչ կասեք նրանց ոգևորելու համար»։
Վարչապետը շարունակել է. «Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։
Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Սրա համար կրոնական հանդուրժողականությունը և ազատությունը շատ կարևոր է։ Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ։
Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր մի վայր տարբեր մարդկանց համար, որպեսզի նրանք գան, երկխոսության մեջ մտնեն, հեծանիվ վարեն, վայելեն բնությունը, կերակուրները և տեսնեն սրբավայրերը։ Մեր կրոնական կենտրոնը Էջմիածինն է, և ինչպես նշեցի` 301 թվականին Քրիստոնեությունն ընդունվեց հայոց թագավորի կողմից, որն առաջին դեպքն էր, երբ որևէ երկիր ընդունեց Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Այս զարգացման հետ կապ ունեցող բոլոր վայրերը հիմա գտնվում են Հայաստանում, դրանք սրբավայրեր են, և ես հրավիրում եմ այցելել դրանք, և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր՝ որպես քրիստոնյա, դա հետապնդում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ Քրիստոնեությունն է լավագույն կրոնը, և նա ընդունեց համապատասխան որոշում։ Այսպիսով, հրավիրում եմ բոլորիդ տեսնել բոլոր սրբավայրերը և փոխկապակցվել այս շատ հարուստ ու կարևոր պատմության հետ»։