«Նարե»-ն և «Դավիթ»-ը գլխավորում են անձնանունների «թոփ 50»-յակը․ Ի՞նչ այլ անուններ են նախընտրում ծնողները

Նախորդ տարի՝ 2024 թվականին ՀՀ-ում ծնվել է 16  հազար 34 աղջիկ եւ 17 հազար  614  տղա։ Այս մասին  civiс.am-ը տեղեկացավ  Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» տեղեկանքից։  Աղջիկ երեխաներին տրված անձնանունների «թոփ 50»-յակն արդեն մի քանի տարի գլխավորում է «Նարե»-ն։ Այդ անունն է կրում 2024-ին ծնված աղջիկներից 627 –ը։ «Լուսե» անունն էլ  տրվել է 563 աղջկա, «Արփի»՝ 541, «Մարիա»՝ 486, «Եվա»՝ 361։  Ծնողներն իրենց աղջիկ երեխաներին անվանակոչել են նաեւ «Մանե»՝, «Մարի», «Մարիամ», «Անահիտ»,  «Աննա», ինչպես նաեւ օտարահունչ «Մոնիկա», «Ադել», «Միլանա», «Մալենա», «Միլենա», «Ադրիանա» եւ այլ անձնանուններով։


Նշենք, որ ըստ տարբեր ստուգաբանությունների՝ «Նարե»  նշանակում է մայրություն, հայուհի, նուրբ աղջիկ։ Ըստ մեկ այլ ստուգաբանության՝ «Նարե»-ն «Նարեկ» արական անվան իգական համարժեքն է։ 


Նախորդ տարի ծնված տղա երեխաներին էլ ամենաշատն անվանակոչել են «Դավիթ» (1 165), իսկ ահա «Նարեկ» անունը տրվել է  835 երեխայի, «Հայկ»՝  624-ին, «Արեգ»՝ 558, «Մարկ»՝ 558, «Միքայել»՝ 522, «Ռոբերտ»՝ 519, «Տիգրան»՝ 505, «Մոնթե»՝ 492, «Լեո»՝ 476։  Տղա երեխաներին անվանակոչել են նաեւ «Առնո», «Մենուա», «Մաքս», «Նոյ», «Ադամ», «Անրի», «Մաքս»։  


 «Դավիթ» անձնանունն էլ, նշենք, ունի հրեական ծագում եւ հնուց տարածված է նաեւ հայոց մեջ։ Ըստ Հայկազյան բառարանի՝ «Դավիթ» նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ։