«Ապրելու երկիր»-ը, ինչպես հայտնել ենք, տարօրինակ շտապողականություն է ցուցաբերում Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցում։ Կուսակցությունը դեռևս մայիսին, ինչպես
հայտնել ենք, հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Դատարանը մի շարք հիմնավորումներ վկայաբերելով՝ հայցադիմումը վերադարձրել էր։
Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ «Ապրելու երկիրը» նորից է դիմել Վարչական դատարան, այս անգամ, սակայն, խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու ՀՀ կառավարության անգործությունը և նշել, թե այդ անգործությամբ խախտվել են իր ընտրական իրավունքները։
Մինչդեռ դատարանը մասնավորապես արձանագրել է, որ «կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորի կողմից ներկայացված փաստարկները նշված անգործության իրավաչափությունը վիճարկելու «շահագրգիռ անձ» հանդիսանալու վերաբերյալ անհիմն են, քանի որ նախ՝ ՀՀ վարչական դատավարության կարգով ընտրական իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործերի քննությունը կանոնակարգված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ գլխով, և տվյալ դեպքում «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացրած հայցը այդ գլխով նախատեսված հայց (դիմում) չէ։
Երկրորդ՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարության ենթադրյալ անգործությամբ չի խախտվում կուսակցության որևէ իրական, ռեալ իրավունք, իսկ հավանական, որևէ հանգամանքով պայմանավորված և դրա հիման վրա հետագայում ծագող (եթե կառավարությունը նշանակեր արտահերթ ընտրություններ, ապա կուսակցությունը իրավունք կունենար դրանց մասնակցելու, տեղական ինքնակառավարման մարմին ձևավորելու) իրավունքի պաշտպանության իրավական հնարավորություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ»։
Նման պայմաններում դատարանը եզրակացրել է, որ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու ՀՀ կառավարության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, ինչը հիմք է «Ապրելու երկիր» կուսակցության հայցադիմումի ընդունումը մերժելու համար:
«Միաժամանակ Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու պայմաններում այլևս չի անդրադառնում հայցադիմումի ընդունելիության մյուս չափանիշների պահպանված լինելու հարցին, քանի որ տվյալ փուլում այն այլևս չունի որևէ իրավական նշանակություն»,- նշված է դատարանի վճռում։
Նշենք նաև, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է Երևանի ՏԻՄ հերթական ընտրությունների օր նշանակել սեպտեմբերի 17-ը։
Երևանի ավագանու վերջին՝ արտահերթ ընտրությունները, հիշեցնենք, տեղի են ունեցել թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թ. հոկտեմբերի 10-ին: Ավագանու լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Կառավարության այսօրվա նիստում, ի դեպ, անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության խնդիրն է ԿԸՀ-ին, ընտրական մարմիններին աջակցել ընտրությունների պատշաճ ապահովման գործում և ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունը, թափանցիկությունն ու բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման ու ձևափոխման ցանկացած դրսևորում։ Այնպես որ, «Ապրելու երկիր»-ը կարող է առանց շտապելու պատրաստվել ընտրություններին և անհոգ լինել դրանց ազատության և թափանցիկության հարցում։
Ե. Ա.