Քանի՞ կուսակցություն կա ՀՀ-ում 2025թ․-ի հունվարի 1-ի դրությամբ. Միայն նախորդ տարի պետգրանցում է ստացել 8 կուսակցություն


Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կան գրանցված (հաշվառված) մասնավորապես 123 կուսակցություն, 63 կրոնական կազմակերպություն, 1797 հիմնադրամ, 3907 հասարակական կազմակերպություն, 213140 անհատ ձեռնարկատեր, 100066 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,  3156 Փակ բաժնետիրական ընկերություն։  Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հրապարակած 2024 թվականն ամփոփող հաշվետվությունից։  Նախորդ 2024 թվականին, ըստ պետռեգիստրի, գրանցվել են 8 կուսակցություն,  445 հասարակական կազմակերպություն, 104 հիմնադրամ, 25842 անհատ ձեռնարկատեր, 8381 ՍՊԸ, 112 ՓԲԸ։ Նախորդ տարի կրոնական և ոչ մի կազմակերպություն չի գրանցվել։

 

Նշենք, որ 2024-ին են գրանցվել և ընդդիմադիր դաշտում դիրքավորվել մասնավորապես ՌԴ-ում փախստականի կարգավիճակով հանգրվանած «ԴԱՀԿ-ի Միհրանի»՝ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն»-ը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը, ՌԴ-ում ծվարած մեկ այլ պաշտոնյա՝  պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ»-ը, արտերկրում գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը։


Օրերս համագումար անցկացրեց նախկին ՔՊ-ական, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»-ը։  «Ազդարար» հարթակից էլ տեղեկացանք, որ առաջիկայում համագումար է հրավիրել նաեւ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական Կուսակցություն»-ը։ 

 

Հավելենք, որ 2024-ին  հաշվառվել է 1 զանգվածային լրատվության միջոց։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է  ապահովված 4854 իրավունք և տրամադրվել 1167 քաղվածք, ներկայացվել են  55604 Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր։

Հ. Մ.