-Մեր նախորդ հրապարակումներից մեկում, անդրադառնալով Մեղրիի փոխանակման վերաբերյալ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ ավելի վաղ «Մեդիամաքս»-ում հրապարակված հուշապատումին, որտեղ վերջինս հպանցիկ խոսում է նախահոկտեմբերքսանյոթյան բանակցային իրադրության մասին, առաջարկել էինք, որ խախտի գաղտնապահությունն ու մասնավորապես պարզաբանի, թե ԱՄՆ փոխպետքարտուղար Թալբոթի հետ ինքն ի՞նչ է քննարկել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության օրն այն ընթացքում, երբ վերջինիս ուղեկցում էր օդանավակայան։ Նախքան այդ, ինչպես պատմել էր ԱԳ նախկին նախարարը, ԱՄՆ պաշտոնյան մի քանի ժամ ձգված քննարկում էր ունեցել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ՝ մասնավորապես բանակցային ի՞նչ գործընթաց է նախորդել իրենց կողմից այդքան մատնանշված ու գովերգված Քի Ուեսթի բանակցություններին, որի ժամանակ, փաստորեն, Ալիևը դրժել է Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու և դրա դիմաց Մեղրիով ճանապարհ ստանալու պայմանավորվածությունը։
Օսկանյանը նախօրեին վերջապես խոսել է, բայց ոչ թե մեր հարցադրումների, այլ «Մեղրիի գործընթացի» վերաբերյալ Պետդեպի գաղտնազերծումների
մասին։ Եվ մինչ դրանց հիման վրա «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժը Քոչարյանի
գրասենյակը «միջին որակի պրոպագանդիստական նյութ» է որակել՝ ըստ էության հերքելով դրանում
արված «Մեղրին Ղարաբաղի դիմաց» եզրակացությունները, Օսկանյանը, ո՜վ զարմանք, դրվատանքով
է խոսել այդ գաղտնազերծման մասին։ Նա նկատել է, թե ԱՄՆ այդ փաստաթղթերը ապացուցում
են իրողություններ, որոնք հօգուտ իրենց են՝ Քոչարյանի «ադմինիստրացիայի»։ Եվ ամենակարևորը՝ Օսկանյանը թերևս առաջին անգամ այս բանակցությունների մասին խոսելիս գործածում
է «փոխանակում» տերմինը, որը նախքան այս ձեռնպահ է մնացել գործածելուց։ «Բարեբախտաբար, վերջերս Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը… Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են։ Այդ շահարկողներն անընդհատ պնդել են, որ Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը եղել է Քոչարյանի առաջարկը հայր Ալիևին։ Մինչդեռ հրապարակված փաստաթղթերը ուղղակի ապացուցում են, որ 99 թվականին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, և դրա վկաներից եմ եղել ես»։ Նկատենք, որ այդպիսի պնդում, թե՝ Մեղրիի
փոխանակման առաջարկն արել է Քոչարյանը, թերևս մեկ հոգի է այս ընթացքում արել՝ նախկին վարչապետ,
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Նա իր հարցազրույցներում
քանիցս նշել է, որ Քոչարյանն անձամբ իրեն ասել է՝ «գլուխ է գովել», որ Մեղրիի փոխանակման
պլանի հեղինակն ինքն է, թեև շրջանառության մեջ է դրվել իբրև այլոց կողմից արված կարգավորման պլան։ Գործող իշխանությանը «դիվանագիտական
անմեղսունակության» մեջ մեղադրող Օսկանյանը, նկատենք, շեշտը դնելով ոչ թե բուն առաջարկի ի հայտ գալու, գոյության, այլ
այն հանգամանքի վրա, թե ով է այն արել, դիմում է խնդրի էությունը նենգափոխելու մանյովրին։ Խնդիրը, մինչդեռ, այն չէ, թե ով է այդ պլանի հեղինակը,
պատկերավոր ասած՝ ով է «թույնն» առաջարկել խմել և ինչ սրվակով է մատուցել՝ ամերիկացի
դիվանագետ Պոլ Գո՞բլը, Թուրքիայի նախկին նախագա՞հը, թե՞ Հեյդար Ալիևը (ի դեպ, տարածքային
փոխանակման գաղափարի մասին առաջինը խոսել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովը, և չգիտես ինչու,
նրա անունը չի հիշատակվում)։ Խնդիրը «սրվակի» պարունակությունը խմելուն համաձայնություն
տալն է, այն է՝ 1991-ին հանրաքվեով անկախացած
Լեռնային Ղարաբաղը «փոխանակման» առարկա դարձնելու առաջարկը լեգիտիմացնելը՝ մտնելով
այդ թեմայով քննարկման մեջ։ Քոչարյանին նախորդած
իշխանությունները, մինչդեռ, ինչպես նույն Պետդեպի զեկուցագրերում է նշվում, մերժել
են այսպիսի պլանի քննարկումը՝ վստահաբար հաշվարկելով դրա հետևանքները։
Հարց
Օսկանյանին՝ կարելի՞ է ենթադրել, որ իրացված
ինքնորոշման «դե ֆակտո» չեղարկումը իրենց արտացոլումը գտավ հետագա բանակցություններում տրանսֆորմացվելով «Մադրիդյան սկզբունքների»։ Այդ փաստաթղթում բացի
այն բանից, որ միաժամանակ ֆիքսված են տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի
սկզբունքները, այլև խոսվում է նոր ռեֆերենդում անցկացնելու մասին։ Ինչո՞ւ է, արդ,
2007-ին բանակցային սեղանին հայտնված Մադրիդյան փաստաթղթում խոսվում հանրաքվեի մասին,
արդյոք այն պատճառո՞վ, որ, այսպես կոչված, «Մեղրիի փոխանակման» շուրջ, հետո էլ՝ Քի
Ուեսթի բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրացված լինելու
1991-ի դեկտեմբերի 10-ի ակտը համարվել է առ ոչինչ, Լեռնային Ղարաբաղի «տերն» էլ, այսպիսով, շարունակել
է «դե յուրե» լինել Ադրբեջանը։ Հարց է ծագում՝
եթե Օսկանյանի ու Քոչարյանի արածը «դիվանագիտական անմեղսունակություն» չէ, ապա ի՞նչ
է։
Կարող
ենք ենթադրել, որ Օսկանյանն ու նրա ղեկավարը, «փոխանակման» գաղափարի շուրջ բանակցությունների
մեջ մտնելով, զբաղվել են ոչ թե ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պաշտպանությամբ,
այլ այդ իրավունքի «առուծախով»՝ նենգափոխելով ԼՂ կոնֆլիկտի էությունը։ Իսկ քիուեսթյան բանակցությունների միակ «շոշափելի» արդյունքը եղավ
այն, որ բանակցային ձևաչափից դուրս թողնվեց
ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը։
Շարունակելով գաղտնազերծված փաստաթղթերի թեման՝ ԱԳ նախկին նախարարն այնուհետ նկատում է. «Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են Հայաստանի բանակցային դիրքերը Ադրբեջանին որևէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում։ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը փոխանակել Նախիջևանի հետ կապով, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, և Ադրբեջանը բանակցային խաղաքարտ չունի՝ միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու։ Խնդիրը ու Հայաստանի վրա կախված վտանգը, սակայն, այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող Հայաստանը միջազգային հարթակում զրոյական գործոն դարձրած Փաշինյանը չի կարողանա նույնիսկ սա ձևակերպել և բանակցել»։ Սա, ինչպես ասում են, ոչ թե «դիվանագիտական անմեղսունակության», այլ՝ «դիվանագիտական դեգեներատիզմի» «վիսշի պիլոտաժ» է։ Ինչ է ասում Օսկանյանը՝ շարունակում է պնդել, որ 1999-ի դրությամբ ՀՀ-ն Ադրբեջանի հետ տետ ա տետ ֆորմատով բանակցելով ընդունել է, որ ինքնորոշված Ղարաբաղը Ադրբեջանը կարողացել է խաղարկել որպես «բանակցային խաղաքարտ» և, այսպես ասած, «բարտեր անել»՝ տալիս եմ Ղարաբաղը, ստանում եմ կապ Նախիջևանի հետ։ Թվում է՝ հեչ մի բան, այդքան մեծ «պրիզի» դիմաց զիջվում էր չնչին մի բան՝ կապ Հայաստանի տարածքով։ Հենց այստեղ էլ թաքնված է այս տխրահռչակ գործարքի «շան գլուխը», ինչի մասին Օսկանյանն ու նրա վերադասը միտումնավոր լռում են։ Եթե, ինչպես նախկին նախարարն է ասում՝ «մենք գիտեինք, որ Մեղրին չենք տալու», և 1999-ին, ապա և քիուեսթյան բանակցությունների ժամանակ Ղարաբաղն ու այն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը Ալիևը պատրաստ էր մեզ տրամադրել, այսպես ասած, «միջանցքային տրամաբանությամբ», այդ դեպքում իրավական ի՞նչ տրամաբանությամբ և կարգավիճակով էր Ադրբեջանին Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհ կամ էստակադա տրամադրվում, արդյո՞ք այն տրվելու էր նույն՝ միջանցքային տրամաբանությամբ։ Օսկանյանի օրոք բանակցվածը արդյոք «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը չէ՞ր, որը շրջանառության մեջ դրվեց 44-օրյա պատերազմից հետո արդեն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որին ՀՀ իշխանությունները կտրուկ դեմ են արտահայտվում մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը մեկնաբանելիս։
Ինչ վերաբերում է պարոն Օսկանյանի այն
դիտարկմանը, թե «Փաշինյանը Արցախը հանձնել
է Ադրբեջանին, հետևապես Ադրբեջանը չի կարող ճանապարհ կամ միջանցք պահանջել», ապա սրանով
Օսկանյանը ուղղակի հաստատում է այն ենթադրությունը, որ իրենց օրոք բանակցված «փոխանակման»
պլանը ենթադրել է համարժեք իրավական կարգավիճակ Սյունիքով տրվելիք կապի համար։ Նիկոլ
Փաշինյանը ոչ թե Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին, այլ ճանաչել է Ղարաբաղի այն նույն
կարգավիճակը, որը գոյություն է ունեցել 1998-99-ի բանակցային «ստարտի» ժամանակ։ Ղարաբաղը թե նախքան 44-օրյա պատերազմը,
թե դրանից հետո ունեցել է նույն իրավական կարգավիճակը, ինչն ուներ Քոչարյանի պաշտոնավարման
օրոք՝ «դե ֆակտո» անկախ՝ «դե յուրե» Ադրբեջանի
կազմում։
Դառը ճշմարտությունն այն է, որ Քոչարյան-Օսկանյան զույգը բանակցել է «Ադրբեջանին
պատկանողը վերցնենք, դրա փոխարեն մեզ պատկանող տարածքից ճանապարհ տանք» տրամաբանությամբ։
Հիմա էլ, փաստորեն, ուշքի եկած նախկին նախարարն ասում է՝ քանի որ Ադրբեջանին պատկանողը՝ Ղարաբաղը՝ մեր ստանալիքը,
արդեն «դե ֆակտո» էլ, «դե յուրե» էլ նրա վերահսկողության տակ է, մենք այլևս «տալիք
չունենք» Հայաստանի տարածքից։
Հ.Գ. Ի դեպ, իր 2011 թվականի հարցազրույցում, ի պատասխան
հարցի, թե արդյոք ՀՀ-ն կգնա՞ր մինչև վերջ, եթե Քի Ուեսթում Ալիևը հետքայլ չաներ, Օսկանյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ այդ փաստաթուղթը բավական
շատ դրական տարրեր ուներ: Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս էր
դառնում, արդեն իսկ հրապուրիչ էր: Բայց, մյուս կողմից, Նախիջևանի հետ կապի մասով
կային մտահոգիչ տարրեր: Այն տեսքով, ինչպես առաջարկը դրված էր սեղանին, մեզ համար ընդունելի
չէր: Եվ հիմա դժվար է ասել՝ մենք այդ մասով կստանայի՞նք արդյոք
այն, ինչ ցանկանում էինք:
Կարող
եմ միանշանակ ասել, որ Հայաստանի տարածքից ոչ մի թիզ Ադրբեջանին փոխանցելու մասին
խոսք չկար, դա բացառվում էր: Խոսքը միայն Նախիջևանի հետ հաղորդակցության
հաստատումն էր: Բայց նույնիսկ այդ տարբերակով առաջարկը հայկական կողմի համար
ընդունելի չէր և հետագա բանակցությունների կարիք ուներ»:
«Դիվանագիտական
մեղսունակները», փաստորեն, Քի Ուեսթում պատրաստ էին Ալիևի հետ փաստաթուղթ
ստորագրել՝ կապ տալով Ադրբեջանին «հայկական կողմի համար անընդունելի» պայմաններով,
մտահոգիչ տարրերով։
Օսկանյանը
հաջորդիվ, հուսանք, մի ստատուս էլ կնվիրի այս «անընդունելի պայմանների»
պարզաբանմանն ու մեկ առ մեկ կնշի դրանք։
Լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի
Հ. Մ.