Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը այսօր Երևանի ավագանու նիստում տեղեկացրել է, որ զեղչված սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուների համար։ Երևանում հաշվառման պահանջը կհանվի նաև նպաստառուների համար։
Բացի այդ, նախատեսվում է անվճար երթևեկության իրավունք տալ հաշմանդամ երեխաներին․ «Գործող որոշմամբ նախատեսված է անվճար երթևեկելու հնարավորություն նաև 4 և ավել անչափահաս երեխա ունեցող, Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար։ Այս նախագծով առաջարկվում է վերացնել անչափահասության պահանջը և, անկախ երեխաների տարիքից, տրամադրել անվճար երթևեկելու իրավունք։
Նախատեսվում է նաև 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից երկարացնել և դարձնել 180 րոպե»։
Փոխքաղաքապետը հայտնել է նաև, որ այս որոշումներն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից՝ հաշվի առնելով, որ համակարգում հարկավոր են տեխնիկական մի շարք փոփոխություններ։
Գրիգորյանը նաև նշել է, որ նախագծով առաջարկվում է 10 ուղևորության համար նախատեսված տոմսի վավերականության ժամկետը 30 օրվա փոխարեն դարձնել 45 օր։