Պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնել. Նիկոլ Փաշինյան

Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։


Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ գաղափարական տրանսֆորմացիան մենք անվանում ենք Իրական Հայաստանի գաղափարախոսություն։ 


«Ի՞նչն է այդ գաղափարախոսության էությունը։ Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է. որ ՀՀ-ը 29 743 քկմ-ով պետություն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը, և ուրիշ նպատակ Հայաստանն իր առաջ չի դնում»,- նշեց վարչապետը։ 


Վարչապետը նաև նշել է, որ պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելը։


«Միջավայրում առանց օգնության ապրելու արտաքին բանաձևն ամենևին չի նշանակում մեկուսացում աշխարհից, խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կետի մասին է, թե մենք ինչի համար ենք հարաբերություններ ձևավորում, և այս առումով մեր խաղաղության օրակարգը հենված է հենց այս ընկալման և այս տրամաբանության վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։