Քանի՞ պաշտոնյա կա նախկին ԽՍՀՄ
երկրներում, որ ինչ-որ խնդրի դեպքում կարող է զանգահարել Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Միաժամանակ՝ պետք
չէ նաև հակառակ ծայրահեղության մեջ ընկնել՝ կարծելով, թե այս հանդիպումներով մեր բոլոր
հարցերը կլուծվեն։ ԱՄՆ-ում վարչապետի հանդիպումների ու դրա շուրջ ծավալված քննարկումներին
անդրադառնալով՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Միքայել Զոլյանը։
Քաղաքագետը խոսեց նաև ռուս որոշ
պաշտոնյաների վերջին շրջանի ակտիվությունից, Ռուսաստանի կողմից միջնորդի դերակատարման
ստանձնման ցանկություններից ու նկատեց, որ հայ հասարակությունում ու կառավարող շրջանակներում
հստակ պատկերացում կա, որ Հայաստանը պետք է ազատվի ռուսական կախվածությունից։
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական
վերջին շրջանի լարված հարաբերություններին՝ Միքայել Զոլյանն ասաց, որ Ադրբեջանը երբեք
ռուսամետ չի եղել։ «Ռուսաստանը միշտ էլ, առնվազն հետխորհրդային շրջանում, Ադրբեջանում դիտարկվել է որպես պոտենցիալ թշնամի
կամ գաղութարար։ Հա, ինչ-որ շահերի համար Ռուսաստանի հետ համագործակցել են, բայց ընդհանուր
առմամբ»։
Զոլյանի տպավորությամբ՝ վերջին
շրջանի տեղեկատվական հոսքերը ուղղորդվում են մեկ կենտրոնից։ «Տպավորություն է, որ ինչ-որ
տեղից ինչ-որ գումարներ են ուղարկվել, ու պետք է դրա դիմաց ինչ-որ բան անել»,- ասաց
Զոլյանն ու նկատեց, որ ամերիկյան ֆինանսավորման դադարեցման պայմաններում ավելի լայն
դաշտ է բացվում նման գործունեություն ծավալող կողմերի համար։ «Երբ մի ձայնը լռում է,
ուժեղանում են ուրիշ ձայներ»,- ասաց Զոլյանը։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի
կողմից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ հայկական
կողմի առաջարկներին չպատասխանելուն և նշեց,
որ Ադրբեջանում, հավանաբար, կարծում են, թե անհրաժեշտություն չունեն Հայաստանի հետ
խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Այդ պայմանագիրն ավելի շատ Հայաստանին է պետք,
իրենք կուզեն՝ կստորագրեն, չեն ուզի՝ չեն ստորագրի։ Այդ է պատճառը, որ Բաքուն չի շտապում։
«Չեմ կարծում, թե այդ հաշվարկը ճշգրիտ է։ Երկու կողմերի համար ավելի ռացիոնալ կլիներ
ստորագրել փաստաթուղթը, այս հարցը փակել։ Բայց Ադրբեջանը համարում է, որ այսօր շատ
հզոր է, ու եթե տարածաշրջանային գործընթացներ սկսվեն, իր համար վտանգներ չեն լինի,
գուցե ավելի լավ լինի»։
Զոլյանը նկատեց, որ վարչապետ
Փաշինյանի գրած վերջին հոդվածն ավելի շուտ ուղղված էր միջազգային հանրությանը, քան
Ադրբեջանին։
«Կարծում եմ ՝ դա ուղղված էր
միջազգային հանրությանը։ Այնտեղ նա նկարագրում է իրավիճակը՝ նշելով, որ մենք պատրաստ
ենք ստորագրել, բայց Ադրբեջանը իր տրամաբանության մեջ է, ու այս տրամաբանության մեջ
մենք ստիպված ենք զինվել, որ մեզ պաշտպանենք»,- եզրափակեց Միքայել Զոլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան