Շատ ու շատ մարդիկ իրենց կյանքն են զոհել, դրա մասին չէ խոսքը, իսկ թե ում մասին է խոսքը, բոլորը հասկացել են։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին ճեպազրույցում արված իր հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում մնալու և կռվելու մասին։
Սիմոնյանը նշեց, որ ինքն արցախցիների մասին ընդհանրական որևիցե բան չի ասել։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց, որ լավ կլինի՝ Սամվել Շահրամանյանը պատմի՝ ինչպես է կարողացել «ախրանիկներով» ԼՂ-ից դուրս գալ։
«Եթե ինքն ինձ հարց ունի, ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե պատասխանեմ, բայց որևիցե այլ ձևով մեկնաբանելու կարիք չկա»,- շեշտեց նա:
Վերադառնալով արցախցիների՝ մնալու և կռվելու թեմային՝ Սիմոնյանը նշեց, որ խոսել է կոնկրետ մարդկանց մասին:
«Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտայի իրենց տներ, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որ կառուցել էին Հայաստանում, որոնք իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև ապագա չէին տեսնում, այլ՝ երկրից դուրս։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր զոհվել են, ես ասել եմ՝ փառք ու պատիվ»,- պարզաբանեց ԱԺ նախագահը և հավելեց, որ չէր կարելի դատարկել Լեռնային Ղարաբաղը:
Ըստ Սիմոնյանի՝ տեղի ունեցածը ցավալի է. «Երբ ժամանակը գա, անուններ կտամ, բայց անունների կարիք էլ չկա, ասում եմ՝ այդ մարդիկ առաջին օրվանից ուզում էին Ղարաբաղը դատարկել, դատարկել Ղարաբաղն ու զինվորին կանգնեցնել պոստին ու ասել՝ «դու պաշտպանի, մենք գնացինք»... Ես ժողովրդի հետ ի՞նչ գործ ունեմ, քաղաքական գործիչներին նկատի ունեմ»: