Մյունխենում տեղի է ունեցել հանդիպում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի միջև։
Հանդիպման գլխավոր թեման եղել է «աշխատանքի համակարգումը կայուն խաղաղության հասնելու համար», հաղորդում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Պուտինը երբեք չի խաղում կանոններով: Թույլ մի տվեք ձեզ խաբել»,- ասել է Երմակը: «Ռուսները հարգում են միայն ուժը և արհամարհում են նրանց, ովքեր դա չեն կիրառում։ Ռուսաստանը կանգ է առնում ոչ թե այն ժամանակ, երբ խոստանում է, այլ երբ ստիպված է դա անել»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը։
Երմակը նաև հատուկ նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն
Ուկրաինային պետք է շարունակել։ «Հիմա Ուկրաինային օգնելը շատ ավելի էժան է, քան
հետո դիմակայելը ավելի ուժեղ Ռուսաստանին»,- ասել է նա։
Անդրեյ Երմակը և Քիթ Քելլոգը, հաղորդում է Ուկրաինայի
նախագահի գրասենյակը, քննարկել են նաև «բարձր մակարդակով ծրագրված հանդիպումների և
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի Ուկրաինա այցի նախապատրաստումը»: