Արձանագրենք՝ «միակ տղամարդ» հռչակած սույն անձը իր անմնացորդ սիրո դիմաց վճարել է իմ ու քո երկրի ռազմավարական օբյեկտներով․ Ստեփանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Մեր հյուսիսային դաշնակից պետության հանդեպ անմնացորդ սիրո նման դրսևորումն, ինչ խոսք, գուցե տեղին ու դիպուկ է հատկապես սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի համատեքստում։


Սակայն հատկանշական է, որ այդ խոստովանությունը հատկապես հրապարակային կերպով ցուցադրվում հենց այսօր` ՌԴ֊ԱՄՆ հանդիպումների ֆոնին։


Առհասարակ չմտնելով  «մատի ու մատանու արանքը»` արձանագրենք սակայն, որ իրեն միակ տղամարդ հռչակած սույն անձը իր անմնացորդ սիրո դիմաց վճարել է իմ ու քո երկրի ռազմավարական օբյեկտներով, Հայաստանը տարիներով հետ է շպրտել միջազգային ցուցանիշներից ու այդպես էլ չի գտել այն «ուչաստկովիին», ով կբացահայտեր հոկտեմբերի 27֊ը...


Տասնյակ քաղաքական սպանություններ, ազատ խոսքի վախճան, անհասկանալի մահեր, սեփական ընտանիքի երկրաչափական պրոգրեսիայով հարստացում , վախի ու սպառնալիքի մթնոլորտ ողջ երկրում, կեղծված ընտրություններ ու անպատմելի թալան,  «ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» գրառումներով բեռնատարներով ապրանքներ` ազատ վաճառքի բոլոր կետերում ։


Արցախի շահի համար անհանգստացողը լավ կլիներ մի երկու խոսքով էլ պատմեր, թե ինչու ԼՂ֊ն դուրս թողեց բանակցություններից, ինչու ՀՀ֊ն դարձրեց ֆորպոստ , ինչու կազմակերպվեց մարտի 1֊ը և ինչ կապ ունեն այսօրվա սիրո լիրիկական զեղումները ԱՄՆ֊ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի հետ։


Ամենամեծ դավաճանությունը սեփական երկրին դավաճանության մեջ մեղադրելն է։ Ճիշտ նշեցի` սեփական երկրին։


Թե չէ անպատասխան սիրո մասին պարբերաբար հնչող խոստովանությունները 2020֊ից լսում ենք ....»։