Եթե լուրջ մարդ լիներ, ես լուրջ պատասխան կտայի․ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի պատասխանը Քոչարյանին

«Եթե լուրջ մարդ լիներ, ես լուրջ պատասխան կտայի։ Այս մարդը այդպես էլ չփոխվեց», – A1+-ի փոխանցմամբ՝ այսպես է արձագանքել «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ռեպլիկին։

 

Քոչարյանն այսօր իր ասուլիսում, լրագրողի հարցին պատասխանելով, անդրադարձել է հեռուստաընկերության եթերազրկմանը իր նախագահության օրոք` 2002թ. ապրիլի 2-ին։

 

«Ասացվածք կա` նմաններին ինչքան էլ եփես, ականջները հում են մնում», – նշել է Մովսեսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում սուտը համակարգված ամրապնդվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և դա անհերքելի փաստ է։

 

«Մինչև 2002 թվականը «Ա1+»-ում աշխատում էր 120 մարդ։ Մեր հեռուստաընկերության լսարանը և դիտողականությունը ամենաբարձրն էր Հայաստանում, և այդ փաստը ուղղակի ստով հերքել հնարավոր չէ», – ընդգծել է նա։

 

Ըստ Քոչարյանի` Հայաստանի առաջին անկախ հեռուստաընկերությունը զրկվել է հեռարձակման արտոնագրից, քանի որ առաջարկը ընդամենը մի քանի Էջ էր` ձեռագիր գրված ։
 
  « Ինչ վերաբերում է նրա ասած` ձեռագիր գրված նախագծին, ես այդ հիմարությունը չեմ մեկնաբանի։
Բոլորս էլ գիտենք Ռոբերտ Քոչարյանին եւ նրա նշանակած հանձնաժողովին», - ասել է Մովսեսյանը։