Քոչարյանը Ռուսաստանից «զադանիա» է ստացել. Վազգենն ու Դեմիրճյանը չկան, ինչ ստեր ասես՝ կասի

Այսօր ծավալուն մամուլի ասուլիս է տվել Ռոբերտ Քոչարյանը։ Ասուլիսի որոշ շեշտադրումներ քննարկել ենք ՀԺԿ փոխնախագահ, Մեղրիում բնակվող Գրիգոր Հարությունյանի հետ։


Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն ճակատագրական պահին գցել է ՌԴ-ին, մեր զրուցակիցն ասաց, որ Ռուսաստանն ինչ ասում է, ինքն այստեղ կատարում է, և եթե նման բան է ասել, երևի նաև այդ  ասուլիսը Ռուսաստանի հանձնարարությամբ է եղել, զարմանալու բան չկա։


«Մեր այս ամբողջ դժբախտությունը եկել է Ռուսաստանից։ Ես չեմ ուզում թվարկել, թե ինչ քայլերով է եկել, էլ չեմ ասում, թե ինչու էր մեր բանակն այդ վիճակում, դա մեր պետության մեղքն է, չանդրադառնանք, բայց որ Ռուսաստանի մեղքով այս ամբողջը կատարվեց՝ Ռուսաստանի շահերից ելնելով, և այսօր վեր կենալ Ռուսաստանին պաշտպանել, ինչ ասեմ, ժողովուրդը թող գնահատականը տա, ես իմ գնահատականը վաղուց եմ տվել Քոչարյան մարդու և Քոչարյան, այսպես կոչված, նախագահի մասին։ Ո՞րն էր ճակատագրական պահը, պիտի գնայինք Ուկրաինայում կռվեի՞նք։ Աֆղանստանում կռվեցինք, Հայրենական պատերազմի ժամանակ 600 000 զինվոր տվեցինք, 300 000-ը զոհվեց,  Խորհրդային Միությունում հերոսների, մարշալների քանակով առաջինը մենք էինք։ Թող իրա եղբայր ադրբեջանցիների թվերը բերի մտցնի մեր աչքը։ Այսինքն՝ մենք այսքան բան արել ենք, ռուսներն ի՞նչ իրավունք ունեն որևէ բան ասելու մեզ։ Իրա նման ռսամետներն էլ  իրենց հարստությունը պահելու համար ինչ ասես, որ չեն ասի։ Հիմա ասելու են՝ Հայաստանն է մեղավոր, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել, դա էլ է ասելու։ Չնայած ասում են, էլի»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։ 


Ինչ վերաբերում է Քոչարյանի նեղսրտելուն, թե, իր կարծիքով, «ամենահայամետ» մարդկանց՝ Մարգարիտա Սիմոնյանին, Անդրանիկ Միգրանյանին և այլոց մեր երկրում համարում են «պերսոնա նոն գրատա», Գրիգոր Հարությունյանն ասաց. «Դե եթե մենք նրա նման թուրքին թույլ ենք տվել մտնել այս երկիր, նա կարող է նաև տենց բաներ ասել»։


Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ նաև հեգնել է, թե Հայաստանը դրոշով գնում է ԵՄ, որը ոչ մի տեղ չի տանելու, իսկ Պրահայում ինչո՞ւ վարչապետը փաստաթուղթ ստորագրեց՝ «ո՞ւր է  հիմա Շառլ Միշելը»։ Այս առնչությամբ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ԵՄ-ն թողնենք մի կողմ, բայց այսօր մենք գտնվում ենք մի տարածքում, դաշնակից ունեինք, որը ՀՕՊ-ը փակեց, չբացեց, որը մեզ անորակ զենքեր էր տալիս, որը մեր թշնամու հետ լուրջ ռազմավարական պայմանագրեր էր կնքում, զինում էր, ասում էր՝ բիզնես է, մեզ էլ տալիս էր 80-ականների զենքեր, և այսօր սա է՝ ինչ որ կա, կա։


«Իսկ Եվրոպա մենք գնացել ենք, որովհետև ուրիշ տարբերակ չունեինք, որովհետև մենք տեսանք, որ Ջերմուկի դեպքերը, պատերազմը Արևմուտքը կանգնեցրեց, մեր դաշնակիցները մեզ մերժեցին, ՀԱՊԿ-ից Լուկաշենկո կոչեցյալը գնում էր Ադրբեջան և շնորհավորում Ալիևին և չէր թաքցնում, որ օգնել են. այդ հրթիռային համակարգերն ումի՞ց են առել, Բելառուսն էր, չէ՞։ Եվ որևիցե մեկը թող մեզ չմեղադրի, թե մեր ժողովուրդն ինչու է ուզում Արևմուտք գնալ։ Ռուսաստանն է ինքն իրեն դուրս թողել։ Ռուսաստանն ինքն է հեռացել այստեղից, դավաճանել է մեզ. ինքը 100 տարի առաջ էլ նույնն էր, հիմա էլ նույնն է, ոչ մի բան չի փոխվել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։


Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ նաև ասել է, որ Մեղրին Ղարաբաղով փոխանակելու մասին Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել: Մեր զրուցակիցը արձագանքեց և նշեց, որ դրա հետ կապված հիմա ինչ ստեր ասես՝ Քոչարյանը կասի։     


«Վազգենը չկա, Դեմիրճյանն էլ չկա, ինչ ստեր ասես՝ կասի։ Բայց ես անմիջապես Դեմիրճյանի վարորդի հետ եմ խոսել, ինքն ասաց, որ Անվտանգության խորհրդի այդ հայտնի նիստից հետո Դեմիրճյանը հայհոյելով եկավ, ասաց՝ այս սրիկաները երկիրը ծախում են։ Հետո, Դեմիրճյանի կինը իր հուշերում գրել է, դա գաղտնիք չէ։ Հետո, դուք չե՞ք հիշում՝ Պետաիրավական հանձնաժողովում իմ և Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ լսումներ կազմակերպեցինք և Օսկանյանին հրավիրեցինք, Օսկանյանն էլ այնտեղ սկսեց ներկայացնել տարբերակներ. մի տարբերակը եղել է, որ 1,5 կիլոմետր լայնությամբ են տալիս, ես իրեն հարցրի՝ դու Մեղրիում եղե՞լ ես, թե՞ չէ, բա դու հասկանո՞ւմ ես, որ 700 մետրը Ագարակի հրապարակից մինչև Արաքսի ափն ա, 1 կմ էլ Արաքսի ափից մինչև Մեղրու կենտրոնն ա։ Այսինքն՝ էդ մակարդակի բանակցություններ էին անում։ Բոլոր ժուռնալիստների ներկայությամբ է այդ ամենն ասվել։ Հետո կանգնում ասում է, թե Մեղրու մասին խոսք չի եղել»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։


 Հարցին, թե ինչով է պայմանավորված Քոչարյանի այս ակտիվությունը, նա նշեց, որ Ռուսաստանից «զադանիան» ստացել է։


Քոչարյանը չի բացառել, որ 2026-ի ընտրություններին կմասնակցի. այս առումով էլ Գրիգոր Հարությունյանն ասաց. «Դե հենց էսօր կարելի է Նիկոլին շնորհավորել։ Քանի Քոչարյանը խաղի մեջ կլինի, Նիկոլը վարչապետ է լինելու։ Մեր ազգն է մեղավոր, որ Քոչարյանի նմանին հանդուրժեցին։ Անցած ընտրությունները հո հանուն Փաշինյանի չէին, դա ընդդեմ Քոչարյանի էր։ Տխուր է, ախր, նա ինչ իրավունք ուներ էսօր գար սենց խոսեր, մեկը չկար հարց տար, որ էդ առյուծի վրա նստել նկարվել էիր, այ տղա, Աֆրիկայում որ մի առյուծ խփում են, մինիմում 100 000 դոլար արժե, էդ փողը ի՞նչ ա՝ Սեդրակ հայրացուի տնի՞ց էիր բերել»,- եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։


Լիլիթ Թադևոսյան