ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին իր ասուլիսում մի քանի սխալ պնդումներ է արել, որոնք «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հերթականությամբ։
Քոչարյանը, մասնավորապես, խոսելով ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ում ստանձնած առաքելության մասին, հայտարարել է թե ԼՂ-ում խնդիրները առաջացել են Պրահայի հայտարարությունից հետո։
«Քիչ, թե շատ խաղաղապահները իրենց ֆունկցիաները վատ չէին անում, լավ էին անում սկզբնական շրջանում, այնքան ժամանակ մինչև մենք չենք ասել, որ ճանաչում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հենց դա ասել ենք պրոբլեմները սկսվել են և բնականաբար պետք է սկսվեին», — նշել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը սխալվում է․ ռուս ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայումից մինչև Պրահայի հայտարարությունը, ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, նաև ռազմական գործողություններ է իրականացրել ռուս խաղաղապահների գոտում՝ գրավելով տարածքներ։
Այսպիսով, առաջին լուրջ միջադեպն Արցախում գրանցվել է խաղաղապահ զորակազմի տեղակայումից ընդամենը մեկ ամիս անց՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին: Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, բայց Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հարձակման հետևանքով երկու գյուղերը բռնազավթվել էին, 62 հայ զինծառայողներ՝ գերեվարվել, 9-ը՝ զոհվել և ևս 8-ը՝ վիրավորում ստացել։
2021-ի հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել ԼՂ արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող:
2022 թ․ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել ԼՂ արևելյան սահմանագոտում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։