Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը` փետրվարի 18-ին, Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։


«Փետրվարի 18-ին նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը Էրդողանի հրավերով կայցելի մեր երկիր», - գրել է Ալթունը X սոցիալական ցանցում:


Նա նշել է, որ Զլենսկին Թուրքիա կմեկնի պաշտոնական այցով։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։