Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը օրերս Նիդեռլանդների Թագավորությունում մի շարք հանդիպումներ է ունեցել (Ամստերդամ՝ փետրվարի 17-19-ը և փետրվարի 24-ին, Հաագա՝ փետրվարի 18-ին, Ալմելո՝ փետրվարի 19-21-ը, Մաաստրիխտ՝ փետրվարի 21-24-ը)։ Հանձնակատարը ՆԹ էր մեկնել հայ իրավաբանների համաժողովին մասնակցելու, համայնքային կառույցների, երիտասարդական, կրթամշակութային կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Եվ մինչ հանձնակատարի գրասենյակի
պաշտոնական էջը ծանուցում է տեղի ունեցած հանդիպումների մասին, ՀՅԴ պաշտոնական կայքում հրապարակվեց Նիդեռլանդներում գործող դաշնակցական կառույցի՝ ՀՅԴ
«Արամ Մանուկեան» Կոմիտեի «թոքախտավոր» հաղորդագրությունը Սինանյանի այցի և այն ՀՅԴ-ի
կողմից «կտրիճաբար» բոյկոտելու մասին։ Նշենք,
որ սույն հաղորդագրությունը զետեղվել է Սինանյանի լուսանկարով, վրան կարմիրով խաչ արված։
«Սինանեան իր
պաշտօնին նշանակման առաջին իսկ օրէն գործեց Սփիւռքի աւանդական կառոյցները քանդելու
և բաժնելու ուղղութեամբ, որ կը կազմէ իր իշխանութեան դաւադիր ծրագիրներէն մէկը:
Սփիւռքի մէջ ան զօրակցեցաւ, աշխատեցաւ ու տակաւին կը շարունակէ աշխատիլ նորաբոյս,
ինքնակոչ միութիւններու հետ, որոնք ոչ մէկ ներդրում ունեցած են կամ ունին
համայնքէն ներս և կը յաւակնին վերցնել գաղութին ղեկը և շրջանցել աւանդական
կառոյցները, որոնց տասնամեակներու վաստակը անժխտելի է: Ազգին ու Հայրենիքին չարիք
հանդիսացող իշխանութեան հեռացումը կը մնայ մեր միակ պահանջը»,-մասնավորապես նշված
է վերոհիշյալ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Սփյուռքի
դաշնակցական կառույցների նման վարքագիծը, նկատենք, նորություն չէ։ Ավանդական այս
կուսակցությունը, ոգեշնչված ՀՀ կառույցի վարքագծով, համոզված ենք՝ նաև կատարելով
վերջինիս հրահանգները, մասնավորապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո զբաղված
է ՀՀ-ից արտերկիր մեկնած հայկական պատվիրակությունների և պաշտոնատար անձանց այցերը
«հարամելու», նրանց թիրախավորելու, սաբոտաժ անելու, սադրանքներ հրահրելու «ազգանպաստ» գործով։
Նկատենք, որ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի
պատասխանատու Մասիս Աբրահամյանի և նրա դստեր
մուտքը ՀՀ 2022-ին արգելվել էր։ Աբրահամյանի, ինչպես նաև մեկ այլ դաշնակցական
գործչի՝ ՀՅԴ Բյուրոյի
անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF)
համանախագահ Մուրադ Փափազյանի տվյալները ՀՀ ԱԱԾ-ն ներառել էր անցանկալի համարվող
օտարերկրացիների տվյալների բանկում։ Այս երկու գործիչները վարչական դատարանում բողոքարկել էին ԱԱԾ-ի որոշումը։ Դատարանը,
նշենք, նախորդ տարի հունվարին պարտավորեցրել էր ԱԱԾ-ին հայցվորների տվյալները
հանել անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից։ Մասնավորապես Մ. Փափազյանը դատարանի
որոշումից հետո ազատ ելումուտ է անում ՀՀ, ավելին, նա 2024-ի դեկտեմբերին տեղական կայքերից
մեկին տված հարցազրույցում նշել էր, թե իր վերաբերյալ կայացված դատարանի վճիռը
ԱԱԾ-ն չի բողոքարկել, մինչդեռ Մասիս Աբրահամյանի և նրա դստեր վերաբերյալ դատարանի որոշումները
վերաքննության կարգով բողոքարկվել են։ Նշենք, որ Աբրահամյանի ներկայացրած հայցի
վերաբերյալ «Դատալեքս» հարթակում ինֆորմացիան սահմանափակված է, այնպես որ հայտնի
չէ՝ ինչ որոշում է կայացրել վարչական վերաքննիչ դատարանը։ Այսուհանդերձ, կարելի է
եզրակացնել, որ Հոլանդիայի դաշնակցական կառույցների արգահատանքը Սինանյանի հանդեպ,
«մեկ մարդու պես» նրա հետ հանդիպումը բոյկոտելն ունի պատճառ. դա Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ կառավարության՝
ԱԱԾ-ի որոշումն է։
Ի
դեպ, մինչ Կոմիտեն իր «բողոքագրում» նշում է, թե Զարեհ Սինանյանը զբաղված է ՀՀ-Սփյուռք կապերը «քանդելով», Հանձնակատարի
գրասենյակի՝ Հոլանդիա կատարած այցին վերաբերող լուսաբանումները այլ բան են
փաստում։ Մասնավորապես Ալմելոյում Սինանյանը հանդիպել է համայնքային մի
շարք կառույցների ներկայացուցիչների հետ,
պատասխանել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում անվտանգային,
կրթական, մշակութային և այլ ոլորտների վերաբերող մի շարք հարցերի։ Ամստերդամ և
Հաագա քաղաքներում էլ Զարեհ Սինանյանը
հանդիպումներ է ունեցել Նիդեռլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատարների,
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների, «Աբովյան» մշակութային միության
ղեկավար կազմի և նիդեռլանդաբնակ երիտասարդների հետ, կարևորել երիտասարդների ակտիվ մասնակցությունը Նիդեռլանդներում
հայ համայնքի կյանքին և Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի
գրասենյակի կողմից կազմակերպվող միջոցառումներին, որոնք միտված են
Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի
ներուժի ներգրավմանը:
Հ. Մ.