Հորդոր ՀՅԴ-ին՝ Ընդհանուր ժողովում ընդունվելիք շրջաբերականում զերծ մնալ կրիմինալ բաներ գրելուց, մարդ ես, կարող է այն ևս հայտնվի civic.am-ի «պադվալում»

ՀՅԴ պաշտոնական կայքն ավետում է (գուցե գուժո՞ւմ)՝ փետրվարի 26-ին Հայաստանում մեկնարկում է ՀՅԴ-ի 35-րդ ընդհանուր ժողովը՝ կուսակցության Բյուրոն է հրավիրել։ Միջոցառումն այս ՀՅԴ բարձրագույն ժողովն է, որին մասնակցում են կուսակցության կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչները։ «Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկա գործունեության համար ռազմավարական նշանակության ուղենիշները և ընտրում կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բյուրո։ Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրավերներին, համահայկական նշանակություն ունեցող հարցերին, հայության առջև թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ծառացած հիմնախնդիրներին և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը»,- ծանուցում է ՀՅԴ պաշտոնական կայքը՝ հուշելով,  որ առաջիկա օրերին Հայաստանի օդը տաքանալուն զուգահեռ հագեցած է լինելու դաշնակցական ոգեղենությամբ, ՀՀ իշխանության «ազգակործան» քաղաքականության  քլնգոցի վերամբարձ ելևէջներով և իհարկե... այդ իշխանությունից ազատվելու «ճանապարհային քարտեզի» որոնումներով։  

 

Ի դեպ, քանի Ժողովը նոր է սկսել,  ընկեր դաշնակներին մի օգտակար խուրհուրդ տանք՝ ժողովի վերջում «ներփակ» փոխանցվելիք «005» կամ «006» շրջաբերականում զերծ մնալ ՀՅԴ ընկերներին կրիմինալ վարքի դրդող հորդորներ հղելուց և ամենակարևորը՝ ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող և այլ խնդրահարույց ձևակերպումներ գործածելուց՝ ինչպես որ «004» սկանդալային շրջաբերականում էր շարադրված։ Շրջաբերականն այդ,  հիշեցնենք, ընդունվել  էր Դիլիջանում 2022 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 8-ը տևած  34-րդ ընդհանուր ժողովում։ 


Հիշեցնենք, որ ՀՅԴ 34-րդ ժողովից կարճ ժամանակ անց կուսակցությունն ազդարարեց տխրահռչակ Դիմադրության շարժման մեկնարկի մասին, որը, ինչպես գիտենք, արցախափրկչական օրակարգով էր սկսվել, բայց կեսից վերածվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հազիվ 1000-հոգանոց փողոցային հավաքների։ ԱԺ աշխատանքները բոյկոտած «Հայաստան» խմբակցությունը՝ շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, մի քանի ամիս փողոցները չափչփելուց հետո, երբ ցուրտը սկսեց զգացնել տալ, վերադարձավ խորհրդարան ու... կարծես ոչինչ էլ չէր եղել՝  «սեփական օրակարգով» շարունակեց աշխատել որպես ընդդիմություն։   


Տեսնես այս անգամ «Ընդհանուր ժողովն» ի՞նչ որոշում կկայացնի։ Մեծ հավանականությամբ առաջիկայում փողոցային հերթական «իշխանափոխական» շարժման ականատեսն ենք լինելու, ըստ ամենայնի՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ մասնակցությամբ։  Իսկ նախքան այդ ընկերական բարևներ և իհարկե... գինի՛ լից։

Հ. Մ.