Չի կարելի ժողովրդավարության բարիքների վրա պարազիտանալով՝ գործել ընդդեմ պետության

Երևանում երկու օր առաջ տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, ընդունվեց հայտարարություն։ Այդ նիստում ընդդիմությունը կրկին ջանք  չխնայեց և հայտարարություններով սպասարկեց ռուսական օրակարգը։ ՊՈՒ խմբակցության ղեկավար Մամիջանյանը հայտարարեց, որ սենյակում փիղ կա. «ԵԱՏՄ անդամ ենք, դուք ամուսնացած մարդու եք մոտեցել»։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։


«Հարցն ընդդիմախոսությունը չէ, հարցն ընդդիմադիր գործունեությունը չէ, հարցն այլ տեղ է. հարցն այն է, որ այս մարդիկ այդպես էլ դուրս չեն եկել ռուսական ճորտի հոգեբանությունից և ատում են բոլորին, ովքեր իրենց ռուսների ճորտ՝ ի տարբերություն նրանց, չեն համարում։ Նրանք ատում են մեր պետությունը, նրանք ատում են մեր պետության գոյության գաղափարն իսկ, և ամենաանբարոյականն այն է, որ իրենք այդ ամենը փաթեթավորել են մի հայրենասիրական շղարշով և վրան էլ գրել սիրուն բաներ՝ հայրենիք, Հայաստան, Արցախ և այլ հուզիչ բաներ՝ առանց կարմրելու, դեմքին խելոք արտահայտություն ընդունած, բայց այնտեղ չես տեսնի ո՛չ միտք, ո՛չ խելք, ո՛չ մեղք, ո՛չ ողնաշար, ո՛չ բարոյականություն և ոչինչ։ Ահա և ողջ իրականությունը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։


Նա նաև նշեց, որ ամուսնության թեման իհարկե քաղաքականության հետ կապ չունի, բայց եթե տարել են այդ դաշտը, ապա «պետք է ասեմ, որ ռուսական հասարակաց տներով քարշ եկածները մեծ գայթակղություն ունեն խոսելու ամուսնության մասին իրենց կավատի հետ, բայց պարզ է, չէ՞, որ դա ամուսնություն ասածի հետ որևէ կապ չունի և չի կարող ունենալ. սա ուղղակի անբարոյականություն է»։


«Ուղղակի այստեղ հարց է մնում՝ իրենք դա չե՞ն գիտակցում, թե՞ այնուամենայնիվ փորձում են խաղադրույք անել այն բանի վրա, որ հասարակությունն այդքան մտավոր ունակություններ չունի՝ իրականությունը հասկանալու համար, և այդ խոսքերով փորձում են մոլորեցնել։ Բարդ է ասել՝ որ տարբերակն է, բայց երկուսն էլ իրենց համար փակուղային են, և մնում է միայն ցավակցել»,- ընդծեց Ռուբեն Մեհրաբյանը։


ԵԽ պատգամավորը նիստում դիտողություն արեց Մամիջանյանին՝ նշելով, որ «եթե ներսում կռվեք իրար հետ, ԵՄ-ում մտահոգություն կառաջանա ձեր անդամակցության հարցով»։ Այս առնչությամբ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այստեղ խնդիր է տեսնում. չի կարելի ուղղակի ժողովրդավարության բարիքների վրա պարազիտանալով՝ գործունեություն ծավալել ընդդեմ պետության, և դա համարվի նորմալ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան