Բալասանյանների ստվերային կառավարիչը քաղաքական խաղեր է տալիս

Վերջին տարիներին Գյումրին կառավարած «Բալասանյան» դաշինքը ողջ թիմով հեռացավ քաղաքապետարանից՝  իր հետ տանելով նաև Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Համայնքապետարանը ստիպված եղավ նոր էջ բացել ֆեյսբուքում։ Իսկ վերջերս պարզվեց, որ նախկին՝ 21 հազար հետևորդ ունեցող էջը անվանափոխվել է՝ «Քաղաքի համար» անունն է ստացել։


Էջը տնօրինող «Բալասանյան» դաշինքի ստվերային կառավարիչները էջում նոր նկարագիր են հրապարակել՝ տեղեկացնելով, որ էջը ծառայելու է Գյումրի քաղաքի խնդիրները բարձրաձայնելուն, քննարկելուն, քաղաքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները լուսաբանելուն և դրանց լուծմանը նպաստելուն։


«Հարգելի համաքաղաքացիներ, այս էջը ծառայելու է մեր քաղաքի խնդիրները բարձրաձայնելու, քննարկելու, քաղաքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները լուսաբանելու և դրանց լուծմանը նպաստելու համար։ Խնդրում ենք ազատորեն կիսվել Ձեր կարծիքներով, մտահոգություններով և առաջարկներով՝ միասին ստեղծելու ավելի լավ համայնք»,- գրված է նկարագրում։

Այսինքն՝ պարզ է, որ գյումրեցիների, համայնքի բյուջեի միջոցներով աշխատած էջը գողացվեց, սեփականաշնորհվեց և այժմ ծառայելու է «Բալասանյան» դաշինքի ստվերային կառավարչին և նրա համար։


 

Ահա այսպիսի մանրախնդիր, «մելոչնիկ» վարք դրսևորողները ոչ ուղիղ կերպով կառավարել են Գյումրին։ Եվ այդ ֆոնին բազմաթիվ մարդիկ մեղադրում էին «Քաղաքացիական պայմանագրին» այս մարդկանց հետ «յոլա չգնալու» համար, իսկ հետո արդեն՝ իշխանազավթման։  

Այս էջի բովանդակությունից շուտով բոլորի համար կպարզվի, թե ստվերային կառավարիչն ում է սատարում ՏԻՄ գալիք ընտրություններում։ Նրանց նախկին գործունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն՝ ինչի դիմաց ու ինչ ակնկալիքներով։  Այժմ արդեն ակնհայտ է, որ Բալասանյանների՝ քաղաքականությունից հեռանալու մասին լուրերն այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը։ Նրանք ուղղակի անցել են իրենց համար սովորական՝ ստվերային ռեժիմի։


 

Վովա Հակոբյան