Ո՞վ է զբաղվում Վարդան Ղուկասյանի ինստրուկտաժով. Կոմկուսը 2021-ին գնահատական էր տվել վերջինիս պաշտոնավարմանն ու նշել «կորուստները»

Գյումրիի առաջիկա ընտրություններին, ինչպես արդեն հայտնել ենք,  Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով։ Կոմկուսը, հիշեցնենք, մասնակցում էր նաև 2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին և ստացավ ընդամենը 260 ձայն։  Կուսակցության նախընտրական ցուցակն այդ ժամանակ  գլխավորում էր Կոնստանտին Ղավազյանը, որը աշխատում էր Գյումրիի քաղաքապետարանում որպես  գործակալ։  


Ուշագրավ է 2021-ի ընտրությունների նախընտրական ծրագրում Կոմկուսի տված գնահատականը Գյումրիի նախկին իշխանություններին, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարմանը։ Գնահատականն այդ... ներկայացված էր  «կորուստներ»-ի թվարկմամբ, որն ունեցել է Գյումրին «վերջին 30 տարվա ընթացքում»։   


Ըստ այդմ. «250 հազար բնակչություն ունեցող Գյումրուց մնացել է կեսից քիչ ավելին։


Գյումրու հզոր արդյունաբերական հսկաներից այսօր չի գործում և ոչ մեկը։


Նախկինում 80 հազար աշխատատեղ ունեցող Գյումրի քաղաքում այսօր գործազրկությունը հասել է աղետալի չափերի։


 Վտանգված է մատաղ սերնդի ապագան, որոնց շրջանում մեծ թիվ են կազմում դպրոցահասակ տարիքի թափառաշրջիկ երեխաները։


Պետական և քաղաքային իշխանությունների ամենաթողության պատճառով Գյումրիում կրկին գլուխ են բարձրացրել թմրամոլությունը, տուբերկուլյոզը և սուր վարակիչ հիվանդությունները, որոնք իսպառ վերացված էին խորհրդային տարիներին։


Քաղաքի ապագան հանդիսացող երիտասարդությունը, չտեսնելով հեռանկար և իր նկատմամբ հոգատարություն, լքում է քաղաքը...»։


Ուշագրավ էին նաև Կոմկուսի նախընտրական ծրագրային կետերը։ Մասնավորապես. «Կպայքարենք քաղաքային իշխանություններում տեղ գտած արատավոր կոռուպցիոն երևույթների դեմ։


1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անմխիթար վիճակում հայտնված պատմամշակութային և ճարտարապետական կառույցներին կվերադարձնենք իրենց երբեմնի փայլը։


Խիստ կարևոր ենք համարում բարեկամական կապերը ռուսական 102-րդ բազայի և սահմանապահ զորքերի հետ, և մենք կլինենք նրանց ներկայության երաշխավորը»։

Քանի որ ՏԻՄ ընտրություններին Վարդան Ղուկասյանը մասնակցելու է  Կոմկուսի նախընտրական ցուցակով, նշանակում է՝  համաձայն է  իր, իր հաջորդի՝ Սամվել Բալասանյանի կառավարման տարիների վերաբերյալ  տրված գնահատականներին։

Ի դեպ, օրերս՝ փետրվարի 23-ին, Կոմկուսը, հավատարիմ իր սովետական, հայ-ռուսական բարեկամության մասին քնարին, միջոցառում էր կազմակերպել՝ «նվիրված  Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորման 107-րդ տարեդարձին՝  ի աջակցություն ռուսական 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչության»։


Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին։

Դատելով կուսակցության ֆեյսբուքյան էջից՝ Կոմկուսի կուրացիայով զբաղվում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ-ում անցանկալի անձ համարվող Կոնստանտին Զատուլինի գործընկեր  Կազբեկ Տայսաևը։


Արդյոք Վարդան Ղուկասյանի ինստրուկտաժով նո՞ւյնպես զբաղվելու է կամ արդեն իսկ զբաղվում է պարոն Տայսաևը՝ ստույգ ասել չենք կարող։  


Հ. Մ.