Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։
«Այսքան խոսում ենք գերիների մասին, այսքան աղմուկ է բարձրանում, դուք մոռանում եք, որ 150-ից ավել հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ 4 տարվա ընթացքում 150-ից ավել գերի հետ ենք բերել, հիմա մնացել է 23 հատված գերի, որոնցից 11-12-ը Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ 152 հաստատված գերի հետ ենք վերադարձրել հայրենիք, բա սա ինչո՞ւ հրապարակային մեր ընդդիմախոսները որպես դրական բան չեն ասում»,- ընդգծեց Սիմոնյանը։
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են գերիների վերադարձի հարցն՝ անկախ քննարկվող թեմայից։
«Չկա որևէ հանդիպում, որևէ միջազգային քննարկում, որտեղ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, չբարձրաձայնենք գերիների հարցը»,-ընդգծեց նա։
Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ իր հանդիպման ընթացքում նույնպես այս հարցը եղել է առաջնային։
«Հիմա որևիցե հանդիպում, որևիցե քննարկում, որևիցե միջազգային խոսակցություն չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, գերիները հարցը չբարձրաձայնենք և այդ հարցով չզբաղվենք՝ անկախ նրանից թեման վերաբերվում է բնապահպանությանը, արևային էներգիային, թե մեկ այլ թեմայի։ Նույնիսկ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում այդ հարցը եղել է սեղանին և այն եղել է առաջնային։ Եվ մտավախություն ունեմ, որ հանդիպումները հետագայում չշարունակելու պատճառներից մեկը (եթե ոչ հիմնականը) եղել է այն, որ ես շատ եմ պնդել այդ հարցը։