«ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների անցկացման լավագույն վայրը Մինսկն է». Կրեմլ

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի հնարավոր եռակողմ բանակցությունների հարցը դեռ չի քննարկվել, սակայն Կրեմլը դրանց անցկացման լավագույն վայր է համարում Մինսկը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ Բելառուսի մայրաքաղաքում կազմակերպել խաղաղության բանակցությունները Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։


«Այս հարցը ոչ մի կերպ չի բարձրացվել և չի քննարկվել։ Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է։ Նա մեր հիմնական դաշնակիցն է, ուստի սա լավագույն վայրն է բանակցությունների համար»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։


Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը «դրական» է վերաբերվում բանակցություններին Վլադիմիր Զելենսկու պատրաստակամությանը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ուղերձում։


«Հարցն այն է, թե ում հետ նստել (բանակցությունների սեղանի շուրջ)։ Առայժմ ուժի մեջ է մնում Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու իրավական արգելքը։ Ուստի, ընդհանուր առմամբ, մոտեցումը դրական է, բայց նրբությունները առայժմ չեն փոխվել»,- հավելել է Պեսկովը։