Հիվանդանոց է ընդունվել նորածնի դի. կինը ծննդաբերել է ճանապարհին՝ սեփական ավտոմեքենայի մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ ժամը 07։20-ի սահմաններում հարազատների կողմից հիվանդանոց է ընդունվել նորածնի դի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, բժիշկներին երեխայի մայրը հայտնել է, որ ինքը ծննդաբերել է ճանապարհին և պտուղը ծնվել է մահացած:


Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, ծննդկանը 35 շաբաթական հղիությամբ մարզի գյուղերից մեկից՝ իրենց տնից սեփական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում։


Դեպքի փաստով ոստիկանություն տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։