ՊՈՒ-ականին առաջարկում ենք ԼՂՀ նախկին նախագահների գերեվարման հանգամանքների մասին մի քանի հարց հղել Վանեցյանի խնամուն

Բաքվի բանտերում ապօրինի պահվող գերիների, մասնավորապես՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Ադրբեջանը հոգեներգործուն միջոցներ է կիրառում՝ ՀՀ-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, ՀՀ ընդդիմությունն էլ, դատելով վերջին շաբաթների վարքագծից, հոգեներգործության գործիքներ է կիրառում ՀՀ իշխանության նկատմամբ ու փորձում «ցուցմունքներ» կորզել առ այն, թե  ինչ, ուշադրություն, տեսանելի քայլեր է անում գերիներին վերադարձնելու ուղղությամբ։  



Իշխանության հավաստիացումներն ու պնդումներն առ այն, որ չափազանց զգայուն այս խնդրի լուծման՝ Բաքվում ապօրինի դատվող անխտիր բոլոր գերիների ազատ արձակման հետ կապված  արվել և արվում է հնարավոր ամեն բան,  ընդդիմությանը չեն համոզում։ Քիչ է մնում՝ իշխանությանը Աստվածաշնչի վրա երդում ուտել տան, թե՝ չեն խաբում, զբաղվում են։



Սարսափելի իրականությունը, սակայն, այն է, որ հումանիտար այս հարցը շահարկելու միջոցով ընդդիմությունն ընդամենը զբաղված է ոչ թե ՀՀ իշխանության նկատմամբ բանեցվող ճնշումը միջազգային հանրությանն ու Բաքվի իշխանություններին վերահասցեագրելով՝ ստիպելով քայլեր ձեռնարկել գերիների ազատ արձակման ուղղությամբ, այլ սեփական քաղաքական օրակարգի սնանկությունը լցնելու համար։ 



Այո, գերիների հարցը ընդդիմության համար քաղաքական «հարց» է՝ իր էլեկտորատին  «գերիադարդով տառապելու» տեսարաններ ապահովելու  համար, ուստի տեղին է հիշեցնել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դիպուկ դիտարկումը. անցյալ տարեվերջին, երբ ընդդիմությունը գերիների հարցով հերթական հայտարարության նախագիծն էր ներկայացրել խորհրդարան և քննարկում էր ընթանում դրա շուրջ,  ԱԺ փոխխոսնակն ընդդիմադիր պատգամավորների ելույթներին ի պատասխան նկատեց. «Ես կարծում եմ, որ դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա, դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի։ Հենց հիմա դուք դա եք փորձում անել։ ...Այսինքն՝ թեմա չի մնացել էլ, դուք որոշել եք կապիտալիզացնել գերիների հարցը։ Քավ լիցի, ձեր իրավունքն է։ Իսկ իրականում հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք կվերադառնան, թե ոչ՝ կախված է ոչ այս նիստից կամ մեր հայտարարությունից, այլ՝ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից»։



ՀՀ իշխանությանն  անգործության մեջ մեղադրելու նպատակով գերիների հարցը շահարկում են ոչ միայն մանդատավորները, այլև նախկինում ԼՂՀ հարցով բանակցելու  դիվանագիտական մանդատ ունեցած գործիչներից մեկը՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա իր նախավերջին ֆեյսբուքյան լայվում հորդորել էր ՀՀ իշխանությանը, ուշադրություն, դադարեցնել Ադրբեջանի հետ խաղաղության  պայմանագրի շուրջ բանակցություններն ու, փաստորեն,  ուլտիմատում  ներկայացնել Բաքվին, թե՝ մինչև գերիներն ու պատանդներն ազատ չարձակվեն, բանակցությունները չեն շարունակվի։ 



«Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են՝ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները։ Ես ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց ու նրանց ասածների մասին, բայց այս դեպքում երևի չեմ կարող չանել։ Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները։ Հասկանում եմ, թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Միակ հույսս այն է, որ տարիներ առաջ սթափության աստիճանն ավելին է եղել»,-արձագանքելով նախկին նախարարի այս անսթափ առաջարկին՝ նախօրեին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ միաժամանակ նշելով այն ահռելի աշխատանքը, որը կատարվել է իր և ԱԳՆ-ի կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում։



«Գերիացավի» հերթական նոպան  ունեցած «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Ագնեսա Խամոյանին էլ, որը խորհրդարանում պարզեց Բաքվում դատվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների նկարներն ու հատուկ շեշտեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգման, նրա՝ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը,  փորձեց «առաջին օգնությունը» ցուցաբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես  ՀՀ վարչապետն եմ, որի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլ ՀՀ պետական շահերի, ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ անձերի խնդիրների լուծման վրա»,-մասնավորապես նշեց վարչապետը։   

Գերիների թեման արծարծվել է նաև երեկ տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամանակ։  



Ամենաբարձր մակարդակով տրված հավաստիացումներն առ այն, որ  արվում են անհրաժեշտ բոլոր քաղաքական, իրավական քայլերը բոլոր պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ, փաստորեն, պարոնայք ու տիկնայք խորհրդարանականների  (և  նրանց սպասարկող քարոզչամեքենայի) մտածելու համար պատասխանատու օրգանն այդպես էլ ի վիճակի չէ ընկալել։ Հետևապես կարիք կա կիրառելու  «կրկնությունը գիտության մայրն է» հնարքն ու  վերահավաստիացնելու անհասկացողներին՝ արվում է հնարավորը։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մասնավորապես նշել է, որ «Ադրբեջանի կողմից նման դատավարությունների հրապարակայնացումը և մեր զգացմունքների վրա փորձել աշխատելը նաև այս նպատակն է հետապնդում, որ մեր հանրային, քաղաքական, լրատվական դաշտում  ներքին խմորումներ առաջացնող թեմա դառնա»։  



«Մեր բոլորի ուշադրությունը պետք է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր հայրենակիցներից շատերը պատերազմից հետո ՀՀ են վերադարձել  լուռ, զուսպ, առանց էմոցիաների աշխատանքի արդյունքում։ Հակառակը, ես վստահեցնում եմ, լավ արդյունքի չի բերում»,- իր հերթին հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։  

«Թոփ թեմային» ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նաև մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հումանիստի գրիմը երեսին քսած, «պախառոննի տոնով շահարկելով թեման՝ նա մասնավորապես  հիշատակեց  2021-ի ընտրություններից առաջ գերիների մի խմբի ազատ արձակումը՝ մասնավորապես նշելով.  «Դե որ խոսում ա նախորդ շրջանում գերիների վերադարձից՝ մի հատ էլ հիշեցնեմ՝ նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանի պահանջներից մեկն էր ականապատ տարածքների քարտեզները։ 



Ինքը կես տարի էդ քարտեզները չտվեց ու տվեց 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ, որպեսզի օգտագործի դա որպես քաղաքական դիվիդենդ, այ տենց եք գերի բերում»։ Մամիջանյանը, փաստորեն, այ էս մակարդակի հումանիստ է, նրան հետաքրքիր է ոչ թե արդյունքը, որ՝ այսքան մարդ, այսքան ՀՀ քաղաքացի, այսքան հայորդի ազատվել է ադրբեջանական գերությունից, այլ՝ ազատ արձակման իրավիճակն ու հանգամանքները։  Սերժ Սարգսյանի սանիկին հիշեցնենք, որ 2021-ի արտահերթից  շատ առաջ է սկսվել ականապատ քարտեզների հանձնման շուրջ քննարկումը։ Այն շրջանում, երբ նույնիսկ խոսք չկար ընտրությունների մասին։  «Մենք դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք այդ քարտեզներից: Երբ որ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել, բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ, բայց մեր հանրությունը չի հասկանա, եթե մենք այնտեղ գերիներ ունենալու պայմաններում ուղղակի միակողմանի վերադարձնենք»,- հունիսի 13-ին Կոտայքում տեղի ունեցած նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ 



Ի դեպ, նրա այս  հայտարարության նախօրեին էլ  Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ Հայաստան վերադարձվեց 15 գերի։ Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ հայկական կողմը գերիների դիմաց Աղդամում տեղակայված 97 հազար ականների քարտեզներն է տվել։ Ի դեպ, ՀՀ իշխանության այս որոշումը՝ քարտեզների հանձնման վերաբերյալ,  կոշտ քննադատության ենթարկվեց հենց ընդդիմության կողմից։ Ի գիտություն Մամիջանյանի նշենք, որ ՀՀ կողմից Ադրբեջանին ականապատ քարտեզներ հանձնելու գործընթացը շարունակական բնույթ է կրել, դրանց մի մասը հանձնվել է նաև 2021-ի ԱԺ ընտրություններից հետո։ Իսկ 2023-ի դեկտեմբերին երբ ՀՀ վերադարձան 32 գերիները, այդ ժամանակ, որքան հիշում ենք, նախընտրական շրջան չէր, իշխանությունը պարզապես կատարում էր ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ ունեցած իր պոզիտիվ պարտավորությունը։ Հիշեցնենք, թե ինչ «գործարքի» արդյունքում տեղի ունեցավ վերադարձը. որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունը  հայտնեց  «COP29» հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը: Այս գործընթացից մոտ մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 13-ին, գերիների փոխանակում  տեղի ունեցավ  հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ ՀՀ-ն, այո, «այ տենց» կարողացավ  «գերի բերել»։ 




Մենք էլ մեր հերթին հիշեցնենք. նույն 2021 թ. նախընտրական շրջանում Հայկ Մամիջանյանի ղեկավարած խմբակցության երբեմնի ղեկավար, այդ օրերին դեռևս շարքային ՀՓՇ-ական Արթուր Վանեցյանի գլուխգովանությունը, թե՝ «պաշտոնապես հայտարարում եմ, իմ՝ իշխանության գալու դեպքում գերիների վերադարձի հարցը լուծվելու է մի քանի օրում»: Վանեցյանի իշխանական ամբիցիաները չբավարարվեցին, նա խորհրդարան մտավ պատգամավորի կարգավիճակով, մեկ տարի անց էլ վայր դրեց մանդատը։ Ու այդպես էլ չիմացանք՝ պատգամավորի կարգավիճակում օգտագործելով իր լայն՝ «չեկիստական» կապերն ու ծանոթությունները՝ որևէ քայլ արե՞ց գեթ մեկ գերի «բերելու»՝ ազատ արձակելու ուղղությամբ։   Ի դեպ, Հայկ Մամիջանյանին առաջարկում ենք առիթից օգտվել ու  գերիների թեմայով մի քանի հարց հղել ՊՈՒ խմբակցության նախկին ղեկավարի խնամուն ԼՂՀ նախկին նախագահների, ԱԺ նախագահի գերեվարման հանգամանքների վերաբերյալ։ Վանեցյանի խնամին ԼՂՀ ՆԳ նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՊՊԾ պետ եղած Գրիշա Սարկիսովի որդի Կարեն Սարգսյանն է։ Հենց նրա առանձնատնից էլ, ինչպես մամուլն էր գրել գերեվարվել են ԼՂՀ նախկին նախագահները, որոնք եկել էին ադրբեջանցիների հետ բանակցելու։ Կարեն Սարգսյանն ու ԼՂՀ ուժայինների այլ ղեկավարներ իրենց վերադասին «թուրքի ձեռքը տալուց» հետո, ինչպես գիտենք, ողջ-առողջ վերադարձել են Հայաստան և անցել իրենց բնականոն՝ «կուշտ ու գոհ» կյանքին։


 


Հ. Մ.