Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով նախաձեռնություն կա։Այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Չենք ասում՝ մեզ մոտ իդեալական է, դրա համար արդեն ձեզ պետք է տուգանենք, ասում ենք՝ կա բոյկոտային տրամադրություններից ստեղծված մի իրավիճակ»,- նկատեց նա։
Կոստանյանը շեշտեց՝ քաղաքացիներին տուգանելու պրակտիկան կա եվրոպական բոլոր երկրներում, որտեղ անցում է կատարվել միասնական տոմսային համակարգի։
«Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է, դրա համար պետք է տուգանենք։ Մենք ասում ենք, որ տրանսպորտի մասով կա բոյկոտային տրամադրություն, քաղաքապետարանի ընդդիմադիր գործընկերներն էլ առավոտից երեկո թմբկահարում են, որ 40-60 տոկոսը չի վճարում։ Ինչի՞ վրա են այդ մարդիկ ուրախանում։ Վերջնարդյունքում, եթե այդ գումարները չմուտքագրվեն քաղաքային բյուջե, ապա որոշ ժամանակ անց խնդիրներ կլինեն։ Օրինակ, գուցե պարզվի, որ պլանավորված 45 տրոլեյբուսն այս տարի չենք կարողանա ձեռք բերել, քանի որ գումար չկա, ու լավագույն դեպքում 10-15 հատ կգնենք»,- նշեց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ թույլ չեն տալու, որպեսզի անարդարության մթնոլորտը գնալով խորանա, որ ձևավորվել կամ ձևավորվում է վճարող քաղաքացիների մոտ։ Կոստանյանը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է չվճարող մարդկանց համար մյուս քաղաքացիները վճարեն։ Վստահեցրեց՝ հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով կա նախաձեռնություն: