ԵՄ-ի հատկացրած 32 մլն եվրո ֆինանսավորմամբ Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի, Սյունիքի մարզի Կապան քաղաքի դպրոցները կունենան վերանորոգված ու կահավորված լաբորատորիաներ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղվա՝ հուլիսի 27-ի նիստի օրակարգում։
Civic.am-ը կից ներկայացված հիմնավորումից տեղեկացավ, որ Ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Նախանշված բարեփոխումների իրականացման հարցում Ծրագիրն օժանդակություն է տրամադրելու քաղաքականության վերաբերյալ ընդլայնված երկխոսության, ֆինանսավորման ու տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով:
Ծրագիրը, մասնավորապես, կենտրոնացված է լինելու ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման և ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը՝ գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:
Ծրագիրը միտված է ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը և բարելավելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։
Հիմնվելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի մոդելների ու ձեռքբերումների վրա՝ Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն: