«Հանուն հայրենիքի փրկության» շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր. 301-րդ հոդվածով` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով: Այս մասին Civic.am-ի հարցմանը պատասխանել են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե «պետք է ջարդել» և իրենց կողմը գրավել վարչապետի հենարանները, որոնց թվում, ըստ նրա, ժողովուրդը, ուժային կառույցներն ու իշխանական խմբակցության պատգամավորներն են։ Ասել էր, որ ժողովրդին պետք է բացատրել, թե ինչ իրավիճակում է երկիրը, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչների ու «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ պետք է կոշտ լինել, միևնույն ժամանակ համոզել նրանց՝ թողնելով նահանջի ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որպես երկրորդ տարբերակ Մանուկյանը, այսպես ասած, կայծակնային ապստամբություն առաջարկեց:
«Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով` պատրաստ լինելով Բ ճանապարհին», - հայտարարել էր Մանուկյանը: