Ազատագրումը մի օրվա պրոցես չէ. չպետք է վախենանք քարկոծվելուց միջնադարյան ուժերի կողմից

Ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք մարտի 30-ին Գյումրիում կայացած ընտրությունների և հետընտրական զարգացումների մասին, ինչպես նաև քննարկել, թե ինչպես էր հնարավոր, որ «Պերմյակով» տեսած Գյումրին ընտրեր այդքան ռուսական ուժերի։  


«Կարծում եմ՝ ավելի շատ հոգեբանության խնդիր է, այլ ոչ թե քաղաքական մոտեցումների ու հայացքների։ Ռուս բանաստեղծ Նեկրասովը շատ հետաքրքիր տողեր ունի գրած, այն է՝ ծառաները մեկ-մեկ շան նման են լինում, ինչքան ավելի ուժեղ է պատիժը տիրոջ կողմից, այնքան ավելի շատ են իրենց սիրում։ Ռուսական քաղաքական, քաղաքակրթական ազդեցությունը միշտ եղել է շատ մեծ, առավել ևս՝ Հայաստանի հյուսիսային մասում, առավել ևս՝ Գյումրիում, և դա միայն սովետական դարաշրջանում չէր, մինչսովետական  դարաշրջանում ևս։ Նման ազդեցության գոտիներ եղել են շատ երկրներում, խնդիրը դրանցից ձերբազատվելն է»,- ասաց Ռուբեն Բաբայանը։


Նա նշեց, որ տեղի ունեցածի մեջ մեծ ողբերգություն չի տեսնում, որովհետև ազատագրումը մի օրվա պրոցես չէ. եթե մարդ ուղեղով չազատագրվեց, ֆիզիկապես չի ազատագրվի։


Խոսելով նաև Գյումրու ընտրություններին մասնակցած «Եվրադաշինքի» մասին, որը հավաքեց չորս տոկոս, Ռուբեն Բաբայանն ասաց՝ այստեղ կար երևի որոշակի սխալ հենց իրենց կողմից, երբ փորձեցին տեղավորվել ռադիկալ ընդդիմության դաշում, որը զբաղված էր իրականում։


Հարցին, թե այս իրավիճակում որը պետք է լինի իշխանության, հասարակության և մտավորականության անելիքը, Ռուբեն Բաբայանն ասաց. «Առաջնայինը, կարծում եմ, մտավորականության անելիքն է։ Եթե մենք իսկապես մտածում ենք մեր ժողովրդի, մեր պետության և՛ ներկայի, և՛ ապագայի մասին, չպետք է վախենանք քարկոծվելուց միջնադարյան ուժերի կողմից, որովհետև դա պարտադիր բան է։ Մենք չպետք է խաղանք ժողովրդի ամենահետամնաց, ամենաստվերային զգացմունքների ու երանգների վրա»։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան