Մարտուն Գրիգորյանը «ստորագրեց» Գյումրիի ու գյումրեցու կապիտուլյացիան

Վերջապես... Մարտուն Գրիգորյանի շտաբից «սպիտակ ծուխ» դուրս եկավ. նա 5 օր լինելով քաղաքական տվայտանքների մեջ՝ ապրիլի 4-ին վերջապես գուժեց՝ երկու ձայն կապահովի  իր ախոյանի՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալու համար, և Գյումրին, փաստորեն, կվերադառնա այն բարքերին ու ավանդույթներին, որոնց դեմ Գրիգորյանը պայքարում էր դեռ... բարուրից։  Փաստորեն, 5 օր էր պետք Գրիգորյանին և նրա քաղաքական պատրոնին, որ ապացուցի հայտնի ֆրազը՝ «քաղաղաքականությունն անբարոյականություն է», նույնքան ժամանակ էր պետք, որ կայացնի մի որոշում, որը քաղաքական ինքնասպանության մասին է, ողջախոհության ու հեռատեսության ջախջախման մասին է, շիրակցու թասիբի ու արժանապատվության պարտության մասին է, Գյումրիի և գյումրեցու սոցիալ-քաղաքական,  բարոյահոգեբանական կապիտուլյացիայի մասին է։ ՀՀ՝ մեծությամբ երկրորդ քաղաքը,  փաստորեն, ՏԻՄ ընտրություններում Մարտուն Գրիգորյանին ձայն տալով,  քվեարկում էր ոչ թե վերջինիս քաղաքապետ դառնալու, Ղուկասյանին և ՔՊ-ին մերժելու օգտին, այլ՝  Վարդան Ղուկասյանի «վերաքաղաքապետացման» համար։  Ու, փաստորեն, ստացվեց այնպես, որ հե՛նց Գրիգորյանը, որը քաղաքապետ դառնալու համար 2008-ին արյուն ու քրտինք էր թափել ու պարտվել Ղուկասյանին, 17 տարի անց, մտնելով ընտրապայքարի մեջ,  նորից պարտվեց՝ «դուբլելով» իր պարտությունը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական մակարդակում։  


Ուշագրավ են նրա անունից տարածված մեղայական՝ «հանցանքի հանձնառական» հիշեցնող տեքստում առկա ձևակերպումները, որոնք,  ինչպես կասեր նրա գործընկեր Էդուարդ Շարմազանովը՝ «դիշովի պոպուլիզմ» են, ուրիշ ոչինչ։ «Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը»։


Վարդանիկին քաղաքապետ սարքելն էր, փաստորեն, գյումրեցու շահն ու անվտանգության ապահովումը, քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո, փաստորեն, նա  կբացի իր խոստացած՝ ռուսական կապիտալով գործարաններն ու հիվանդանոցը ու կսկսի արագ տեմպերով սպասարկել գյումրեցիների շահը, «ոչ» կասի հայ-թուրքական սահմանի բացմանն ու Գյումրին կդարձնի «ազատ տնտեսական գոտի»։ Եվ այս ամենը՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի «պահող, պահպանող», թասիբով փողփողացող  դրոշի ֆոնին։   


Հարկ է նկատել, որ  իր որոշումը Գրիգորյանը փորձում է նաև արդարացնել՝ «շառը գցելով» ընդդիմադիր մյուս թեկնածուների՝ Ռուբեն Մխիթարյանի, Կարեն Սիմոնյանի՝ կանխավ արված հայտարարության վրա. նրանք, հիշեցնենք, հայտարարել էին, թե սատարելու են Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս դառնա քաղաքապետ։ Մինչդեռ այս երկուսը, ըստ Գրիգորյանի, «անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը»։


Ինչ էլ ասի ու պնդի քաղաքական խաղերում ընկած-ելած, բայց ողջ մնացած,  պատգամավորական աշխատանքի սոլիդ փորձառություն ունեցող  Գրիգորյանը, որքան էլ փորձի համոզիչ ձևակերպել իր առջև դրված «բարդագույն» խնդրի լուծման նմանատիպ լուծումը, մեկ է՝ դրանից նրա որոշման հրեշավորությունը չի մեղմվում։ Մարտուն Գրիգորյանը, փաստորեն, եղած հնարավոր տարբերակներից ընտրեց վատագույնը՝ թեև Ընտրական օրենսգիրքը  բազում այլընտրանքային  գործիքների կիրառման հնարավորություն էր ապահովել  ստեղծված, համաձայն ենք, բարդագույն իրավիճակից բարոյական նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Դիցուք՝ Գրիգորյանն իր ավագանու կազմով կարող էր այնպես անել, որ քաղաքապետ չընտրվեր, և հետընտրական գործընթացը գնար ՏԻՄ նոր ընտրությունների անցկացմանը։ Գրիգորյանը, համոզված ենք, նման ելքի դեպքում  ընտրապայքարի մեջ կմտներ ավելի բարվոք նկարագրով, ավելի պինդ ու զորեղացած և մեծ հավանականությամբ ավելի շատ քվեներ կստանար, քան ստացել էր մարտի 30-ի ընտրություններին։ Չի բացառվում, որ նման սցենարի դեպքում  Վարդան Ղուկասյանը չեզոքանար որպես քաղաքական մրցակից, որը, ինչպես ինքը՝ Գրիգորյանն է նշել իր «մեղայականում», եղած թեկնածուների մեջ ամենախոցելին է։


 Ինչ արած, Գյումրին կունենա ոչ ՔՊ-ական քաղաքապետ, բայց կունենա աստվածավախ ու միաժամանակ կրիմինալի,  կրակոցների, բռնաբարության, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի գույքի հետ ասոցացվող, այն է՝ քրեական հանցակազմի մարմնացում քաղաքապետ։  

Հ. Մ.