e-draft-ում հրապարակվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը

Մարտի 31-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել են Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը,հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:


Սնանկության օրենսգրքի նախագծով, ի թիվս այլնի, կարգավորվելու են հետևյալ հարցերը․


1) միասնականացվել և կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները, այդ թվում՝ օրենսգրքով կարգավորվել են նաև վարութային և դատավարական բոլոր ընթացակարգերը, գործերի ենթակայությունը և այլն.


2) տարանջատվել են պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչվելու հիմքերը.


3) հստակեցվել են սնանկության կանխարգելման դատական և արտադատական կառուցակարգերը, ամբողջությամբ նորովի նախագծվել է կանխարգելիչ վերակառուցման վարույթը՝ փոխարինելով սնանկության վտանգի վարույթին.


4) ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու համար պարտատերերը խմբավորվել են առանձին դասերում՝ շահերի որոշակի ընդհանրությամբ: Ֆինանսական առողջացումը հնարավոր կլինի պարտադրել դատարանի որոշմամբ (cram-down).


5) անդրադարձ է կատարվել սնանկության հատուկ ընթացակարգերին, մասնավորապես՝ նախատեսվել են ֆիզիկական անձ պարտապանի սնանկության համապարփակ կարգավորումներ, նախատեսվել են հատուկ/պարզեցված կարգավորումներ փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների և հատուկ կարևորության կազմակերպությունների համար.


6) վերանայվել և հստակեցվել է սնանկության կառավարիչների լիազորությունների ծավալը.


7) նախատեսվել են անդրսահմանային սնանկության հետ կապված համապարփակ կարգավորումներ: Նախագծերի հանրային քննարկման ժամկետը սահմանվել է մինչև 30.04.2025 թվականը:


Ավելին, նշված ժամկետի ավարտից հետո որոշ ժամանակ Արդարադատության նախարարությունը կշարունակի ընդունել էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված առաջարկները ևս, իսկ մայիս ամսվա ընթացքում ֆոկուս խմբերի շրջանակներում կկազմակերպվեն հանրային դեմ առ դեմ քննարկումներ` նախագիծն ըստ անհրաժեշտության լրամշակելու նպատակով: