Գյումրու ընտրություններում Ռուբեն Մխիթարյանի գլխավորած թիմը, որը հանդես էր գալիս «Իմ հզոր համայնք» անվան ներքո, ավագանիում կստանա 3 մանդատ՝ 33-ից։ Մխիթարյանի ցուցակի երրորդ համար, մշակույթի գործիչ Սուսաննա Մկրտչյանը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել։ Տիկին Սուսաննան այս որոշումը մեկնաբանել է առողջական խնդիրներով։ Սակայն ակնհայտ է, որ այդ որոշման վրա մեծապես, եթե ոչ ամբողջությամբ ազդել է Ռուբեն Մխիթարյանի որոշումը՝ աջակցել Վարդան Ղուկասյանին։
Ինչևէ, առողջություն մաղթենք
տիկին Սուսաննային, որին կփոխարինի ցուցակի 6-րդ համարը՝ Սուսաննա Մոսոյանը, որը աշխատում
է «Թումո» կենտրոնում, ինչպես նաև հիմնել է
«Գյումրեցի կանայք» սոցիալական հարթակը։
Հատկանշականն այն է, որ Վարդան
Ղուկասյանը, որին Ռուբեն Մխիթարյանը տալու է իր երեք մանդատները, ինչից հիասթափված
են ոչ միայն իրենց ընտրողները, այլև անգամ թիմակիցներից ոմանք, քարոզարշավի ընթացքում
հայտարարել է, որ փակելու է Գյումրու «Թումո» կենտրոնը։ Իսկ պատճառներից մեկը «Թումո»
ստեղծարար կենտրոնի ղեկավար Մարի Լու Փափազյանի «մասոնական» լինելն է։ Շատ հետաքրքիր
կլինի այս մասին լսել տիկին Սուսաննա Մոսոյանի դիրքորոշումը։ Նա պատրաստվում է քվե
տալ մեկին, որը ցանկություն ունի փակել «Թումո»-ն։ Ըստ էության, հայտարարում է, որ
արժեհամակարգային առումով տանել չի կարողանում «Թումո»-ի գոյությունը, որտեղ աշխատում
է Մոսոյանը, բացի դրանից՝ հայտարարում է, ապա վերահաստատում այն խոսքերը, ըստ որի՝
կարճ հագած աղջիկները, կանայք գայթակղում են տղամարդկանց, դրդում հանցանքի։ Այսպիսով
Վարդան Ղուկասյանն արդարացնում է բռնարարներին ու զոհերին մեղադրում սադրանքների մեջ։
Հետաքրքիր կլինի հետևել Սուսաննա Մոսոյանի հիմնած «Գյումրեցի կանայք» սոցհարթակում
այս թեմայով քննարկումներին։ Ի՞նչ դիրքորոշում ունեն այդտեղ հավաքված կանայք՝ Սուսաննա
Մոսոյանի գլխավորությամբ։ Այդ կանայք ինչպե՞ս կվերաբերվեն Մոսոյանի կողմից Ղուկասյանին
տրվելիք քվեին։ Այսքանից հետո Վարդան Ղուկասյանին քվե տվածները ամբողջությամբ կիսում
են Ղուկասյանի արժեհամակարգը։ Այլևս չեն կարողանալու դիստանցավորվել դրանից։
«Լա՞վ էր, որ ընդդիմությունը
ունեցավ մի որոշում՝ այո։ Ամենալա՞վ ելքն էր՝ ոչ։ Կա՞ր այլ ելք՝ ոչ»,-
Hraparak.am-ին տված հարցազրույցում այսպիսի մոնոլոգ է շարադրել Սուսաննա Մոսոյանը։
Իրականում ոչ թե այլ ելք, այլ ելքեր կային՝ մի քանիսը։
«Հիմա,- ասում է Սուսաննա Մոսոյանը,-
երբ տեսել ենք թվերը, ունենք հստակ տոկոսներ, մանդատների հստակ քանակներ, նույն մարդիկ
ընկճված են արդյունքներից, ասում են. «Գոնե մի բան անեիք, դուք լինեիք, գոնե մի բան
անեիք X-ը անցներ», բայց կա պարզագույն, տարրական դասարանի մաթեմատիկա, կա մանդատների
քանակ ու հասարակ գումարում-հանում, կա տղամարդու խոսք, մի բան անել կարող էինք այլ
արդյունքի, այլ դասավորվածության դեպքում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Եթե շատերի
համար բոլորն էլ նույնն էին, հիմա ինչ էական է, թե ով է ընտրվել էդ նույն մարդկանց
համար»։
Նախ պարզագույն մաթեմատիկան ասում
է, որ կար մի քանի ելք։ Ընդդիմադիր որևէ այլ թեկնածուի ընտրելուց մինչև նոր ընտրություններ։
Բայց տիկին Մոսոյանը ճիշտ է՝ հիմա ի՞նչ էական է, թե ով է ընտրվել։ Չէ՞ որ բոլոր 4-ն
էլ նույնն են։ Սերժաքոչարյանական տանդեմից հազիվ էլ այսպիսի քառյակ «ծնվեր»։
Վովա Հակոբյան