Հանրությանը քիչ հայտնի «Իմ հզոր
համայնք» կուսակցությունը, ինչպես հայտնի է, Գյումրիի նորընտիր ավագանիում
կունենա 3 մանդատ։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորած
Ռուբեն Մխիթարյանն առաջիններից էր,
որ մինչ նախընտրական շրջանի մեկնարկը խրոխտ հայտարարել էր՝ ընտրություններից հետո,
բացի ՔՊ-ից, կմիանա ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին և այսպիսով, փաստորեն, կփրկի Գյումրին «թուրքին
տալուց»։ Հիշեցնենք՝ հայտնի պրոդյուսերի նախընտրական կարգախոսն էր՝ «Գյումրին
թուրքին չենք տալու»։ Մխիթարյանը, փաստորեն, որոշեց միանալ ու քաղաքը տալ Կոմկուսի ցուցակով մասնակցած
ու ընտրությունների արդյունքում 8 մանդատ ստացած Վարդան Ղուկասյանին։
Մխիթարյանի, ինչպես նաև «Մայր
Հայաստան»-ի ցուցակը գլխավորած Կարեն Սիմոնյանի այս որոշմանը, ինչպես կասեր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «քյոմագ»
արեց «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար, «Պատիվ
ունեմ»-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը
երեք օր առաջ հայտարարեց՝ անհրաժեշտ երկու ձայն կտա, որպեսզի Գյումրին 13 տարի
կառավարած իր երբեմնի ախոյանը՝ Վարդան Ղուկասյանը, նորից դառնա քաղաքի թիվ մեկ «ասողը»։
Ղուկասյան ասացինք, հիշեցինք.
2020-ին իր հարցազրույցներից մեկում Մխիթարյանը,
անդրադառնալով Գյումրին թալանածների վերաբերյալ
հարցին, մի հետաքրքիր առաջարկ էր արել. «Ես
չեմ ասել, որ Գյումրին թալանել են, ես ասել եմ, որ անդադար խոսվում է այն մասին, որ
Գյումրին թալանել են, և անդադար խոսվում է այն մասին, որ Գյումրին թալանել են Վարդան
Ղուկասյանը և Անդրանիկ Քոչարյանը՝ տարբեր ժամանակաշրջաններում։ Ես ասել եմ՝ երբ որ
անդադար դրա մասին խոսվում է, կամ մի անգամ ստեղծեք հանձնաժողով՝ բացահայտեք դա, մի
անգամ, մեկընդմիշտ, կամ դադարեցրեք էդ ամեն ինչի մասին խոսելը, որովհետև Հայաստանում
օդից կախված լուրերով մենք՝ հասարակության ինչ-որ մի հատված շարունակում է առաջնորդվել,
իսկ ես չեմ ուզում օդից կախված լուրերով առաջնորդվել։ Անկեղծ։ Ես ուզում եմ, որ մեկընդմիշտ
ասվի, որ չկա նման բան, կամ կա նման բան։ Եթե կա նման բան, մարդիկ պատասխանատվության
են ենթարկվում, եթե չկա նման բան, եկեք թարգենք դրա մասին խոսելը»։ Քանի որ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ընկերն
այլևս գործող ավագանու անդամ է, ապա իսկը ժամանակն
է, որ հանդես գա իր վերոհիշյալ առաջարկի իրագործմամբ՝ հանձնաժողով ստեղծել ու քննել և մեկընդմիշտ հերքել
կամ հաստատել իր ասած՝ «օդից կախված» լուրերը,
գյումրեցին էլ իմանա՝ Վարդան Ղուկասյանը թալանե՞լ
է Գյումրին, թե՞ ոչ։
Ի դեպ, «Իմ հզոր համայնք»-ի նախընտրական
ծրագիրը սկսվում է Գյումրիի մռայլ անցյալի մասին ուշագրավ դիտարկումներով. «Գյումրին աղետի գոտու վերածել են ոչ միայն երկրաշարժը
և դրան հետևած ԽՍՀՄ փլուզումն ու պատերազմը, այլև բոլոր նրանք, ովքեր շահարկել են աղետն
ու դրա հետևանքները։ Քաղաքական գործիչները, որոնք բնակչության արդար դժգոհությունը
փորձել են ծառայեցնել իրենց նպատակներին, բարերարները, որոնք սեփական եսասիրությունը
բավարարելով՝ բնակչությանը դատապարտում էին մուրացկանության, տարատեսակ չինովնիկներն
ու խաբեբաները, որոնք օգնության անվան տակ զբաղված էին թալանով։ Չնայած այդքան փորձություններին՝
Գյումրին կա։ Ու կա ոչ թե նմանատիպ մարդկանց շնորհիվ, այլ ի հեճուկս նրանց արկածախնդրության։
Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր Գյումրին ու աղետը սարքել էին կթու կով»։
Ի դեպ, Մխիթարյանի առաջարկով
ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին կարող են մեծապես օգնել Գյումրիի նախորդ ավագանու
կողմից Վարչական դատարան ներկայացված հայցերը, որոնք վերաբերում են նախկին քաղաքապետեր
Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի օրոք օտարված 24 գույքերը համայնքին վերադարձնելուն։
Ի դեպ, երբ Մխիթարյանն իր վերոհիշյալ առաջարկն անում էր՝ ստեղծել հանձնաժողով, դեռ
այդ ժամանակ հայտնի չէր դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքին պատկանող գույքերի
ծագումը, այն է՝ նախկին քաղաքապետը իր ունեցվածքը ձեռք է բերել հալալ քրտինքի՞, թե՞
թալանի ու չարաշահումների, այն է՝ ապօրինի եղանակով։ Եվ միայն 2024 թվականի օգոստոսին
դիմեց Հակակոռուպցիոն դատարան։
Գյումրիի նախկին
քաղաքապետից և նրան փոխկապակցված անձանցից
(որդի, դուստր, կին) դատախազությունը պահանջում է բռնագանձել 17
անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4
մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի
հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ
ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
Տեսանյութի հեղինակ՝
Հեղինե Մանուկյան
Մոնտաժը՝ Անդրանիկ Գասպարյան