Մինչ Հանրայինում հանրային բանավեճի ժամանակ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, որը Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ «Մեր քաղաքը» դաշինքով հանդես էր գալիս Գյումրիի ընտրություններում և աջակցում Մարտուն Գրիգորյանին, առաջարկում էր «Քաղաքացիական պայմանագրին» չառաջադրել թեկնածու և ընտրել Մարտուն Գրիգորյանին, այսօր ինքը՝ Գրիգորյանը, և Արթուր Վանեցյանը շտապեցին շեշտել, որ դա դաշինքի տեսակետը չէ, այլ Թարվերդյանի անձնական դիրքորոշումն է։ Ընդ որում, Գրիգորյանը դա արեց առանց Թարվերդյանի անունը տալու։
«Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից,
«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝
առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն
ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ»,- գրել է Մարտուն
Գրիգորյանը։
Թարվերդյանը նաև խուսափում էր Վարդան
Ղուկասյանի հետ ասոցացումից։ Նշում էր, թե իրենց դաշինքը հայտարարել է, որ պատրաստ
է 2 քվեով ապահովել ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը, այնինչ Մարտուն Գրիգորյանը
հստակ նշել էր Վարդան Ղուկասյանի անունը։ Այսօր Արթուր Վանեցյանը վերահաստատել է, որ
պատրաստվում են քվեարկել Ղուկասյանի օգտին։
«Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության
ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում
դաշինքի պաշտոնական տեսակետը»,- նշվածէ «Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ։
Լավ, եկեք ենթադրենք, որ Երվանդ Թարվերդյանն իրոք
մասնավոր կարծիք է հայտնել ու իր առաջարկն էլ ՔՊ-ին՝ չառաջադրվել ու աջակցել Գրիգորյանին՝
ազատվելու համար Վարդան Ղուկասյանից, ևս մասնավոր կարծիք է։ Բայց Մարտուն Գրիգորյանի
թիմակիցների՝ ցուցակում ավագանու թեկնածուների հանրային գործունեությունը մասնավորապես
ֆեյսբուքյան հարթակում ապացուցում է այն, որ Թարվերդյանի կարծիքը բնավ էլ մասնավոր
չէ։ Կամ եթե մասնավոր է, ապա նմանատիպ մասնավոր կարծիք ունի թիմի մեծամասնությունը։
Նրանք իհարկե չեն քննադատում այդ որոշումը, սակայն ձևացնում են, թե ստիպված են եղել։
Որ չէին ուզի նման ընտրություն կատարել, սակայն դա միակ ելքն էր, այլ տարբերակ չկար։
Իբր ընտրությունը եղել է վատի ու վատագույնի միջև, և ընտրել են վատը։ Ակնհայտ է, որ
Մարտուն Գրիգորյանի թիմում խանդավառված չեն Վարդան Ղուկասյանի ընտրությամբ։ Ակնհայտ
է նաև, որ դա միակ ելքը չէ՝ առնվազն կարող էին այլ թեկնածու ընտրել, նաև՝ գնալ նոր
ընտրությունների, որտեղ Գրիգորյանն ավելի շատ ձայներ ստանալու շանս կունենար, բայց
իր այս որոշմամբ Մարտուն Գրիգորյանն ապացուցեց, որ ՔՊ-ում ճիշտ էին՝ նա իր որոշումները
միայնակ չի կայացնում։ Նա անհատական ֆիգուր չէ ու ստիպված է կատարել Սերժ Սարգսյանի
հորդոր-պահանջը։ Այս որոշմամբ Մարտուն Գրիգորյանը
բացահայտեց, որ ինքը իրապես Սարգսյանի թեկնածուն էր, և պնդումները, թե ՀՀԿ-ի հետ կապ
չունի, ոչ նախկին է, ոչ ներկա՝ սուտ են։
ՔՊ-ին ուղղված մեսիջները, թե մի առաջադրվեք, սատարեք
Մարտուն Գրիգորյանի թեկնածությանը, զավեշտի են հասնում։ Նախ՝ ինչո՞ւ պետք է ՔՊ-ն փորձի
հարթել ընդդիմադիր դաշտի հակասությունները ու սատարի Քոչարյան-Սարգսյան մենամարտի կողմերից
մեկին։ Առավել ևս այն դեպքում, երբ ո՛չ արժեհամակարգային, ոչ էլ գաղափարական իմաստներով
սրանցից ոչ մեկը բռնելու տեղ չունի։ Երկուսն էլ նույն արժեհամակարգով, ապօրինաբար հարստացած
կլաններ են, և իրենց միջև եղած բախումը ոչ թե արժեհամակարգային կամ գաղափարական է,
այլ՝ կլանային, անձնական շահով պայմանավորված։ Ինչո՞ւ պետք է իշխանությունը միջամտի
ու սատարի ապօրինի գույքը իրար միջև կիսել չկարողացող, իրար վրա հաղորդում ու ցուցմունք
տվող կողմերից մեկին։
Ակնհայտ է մեկ այլ բան ևս՝ այս երկուսը իրար հետ
երկար ճանապարհ չունեն։ Արդեն այսօրվանից սերժական թևը հայտարարում է, թե կտան քվեները
Ղուկասյանին, սակայն հետագա պատասխանատվություն չեն պատրաստվում կրել։ Սա, իհարե, աբսուրդի
ժանրից է։ Այս երկուսը կամ, եթե կուզեք, չորսը հավասար, եթե ոչ առավել պատասխանատու
են քաղաքի հետագա ձախողումների ու ձեռքբերումների համար։ Չնայած «Մայր Հայաստանն» ու
Անդրանիկ Թևանյանը կարող են ասել, որ պատասխանատու չեն, որովհետև իրենց երկու մանդատը
բացարձակապես ոչինչ չի որոշում քաղաքապետի ընտրության հարցում։ Թևանյանն անգամ այստեղ
«ո՛չ մարդկությանը պետք եղավ, ո՛չ ընդդիմությանը»։
Վովա Հակոբյան