Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի կարծիքով՝ Ադրբեջանի համար անակնալ էր հայկական կողմի համաձայնությունը խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերին։ Սա, ըստ նրա, Հայաստանը արեց նաև միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանը կառուցողական կողմն է, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության։ Առաջին հերթին սա ուղղված էր ԱՄՆ նոր վարչակազմին։
«Պարզ է, որ պատճառը՝ ինչու չի
կնքվում խաղաղության պայմանագիրը, բնավ տեքստը չէ»,- ասաց Մելիքսեթյանը։ Ըստ նրա՝ առաջին
պատճառը կարող է այն լինել, որ կոնֆլիկտը բավականին կոմֆորտ միջավայր է ստեղծում Ադրբեջանի
իշխանությունների համար՝ կարելի է թե՛ ներքին լսարանը մոբիլիզացնել տարբեր հարցերի
դեպքում, թե՛ սպասել տարբեր զարգացումների։
«Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղության
պայմանագիրը Հայաստանին ավելի շատ հնարավորություններ է տալու, քան ստանալու է ինքը,
որովհետև այն, ինչ պետք է ինքը ստանար, արդեն ստացել է։ Նաև այն գինը, որ Հայաստանը
և, ոչ միայն Հայաստանը, որ կարող էր վճարել առայժմ ցածր, քան ստատուս քվեն պահելը։
Կոնֆլիկտը իրականում ավարտված է։ Ադրբեջանը ստացել է այն, ինչ ուզել է, և մի փոքր էլ
ավելին։ Հիմա նրա վրա արտաքին ճնշում չկա, որ ստիպված լինի գնալ խաղաղության։ Նա հասկանում
է, որ եթե լինի խաղաղության պայմանագիր և հետագա քայլեր, դա կենթադրի նաև հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորում, ինչը հեռանկարային առումով Հայաստանին ավելի մեծ հնարավորություններ
է տալու, քան Ադրբեջանին։ Ադրբեջանը ձգտում
է խաղաղության պայմանագիրը վաճառել ոչ միայն Հայաստանին, այլև Արևմուտքին»,- ասաց քաղաքագետը։
Վովա Հակոբյան