Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մարզական ստուգատեսի մանրամասներին են անդրադարձել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը: 


Աշխարհի առաջնությունը կկայանա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Կանցկացվեն 15 հանդիպումներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: 
Կարևորելով 15 տարվա դադարից հետո Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համայնքը միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին: