«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։


«Նախաձեռնության հիմքում ընկած է  համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։  


«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:


Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «Հայրիկ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.


  • մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ, 
  • երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ,
  • երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ,
  • չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ։


Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։


Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ գրել info@mystep.foundation էլ․ հասցեին։ Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է՝ մայիսի 20, 2025թ․։


Այն նորաստեղծ ընտանիքները, ովքեր կցանկանան դառնալ ծրագրի այս փուլի շահառու, մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացին և չափանիշների մասին հայտարարություններին կարող են ծանոթանալ հիմնադրամի առաջիկա հրապարակումներում»,- ասվում է հայտարարության մեջ։