Պրոֆեսոր Վիջեվանոյին շնորհվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էպիլեպսիայի դեսպան», նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին։



Եռօրյա այցի շրջանակում պրոֆեսոր Վիջեվանոն ծանոթացել է մանկական բժշկական հաստատությունների հնարավորություններին, մասնակցել է կլինիկական բարդ դեպքերի քննարկմանը և իրականացրել խորհրդատվություններ բուժառուների համար։



«Զինվորի տանը» կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում պրոֆեսոր Վիջեվանոյին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։



Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պրոֆեսոր Վիջեվանոյին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու և իր արժեքավոր մասնագիտական փորձով կիսվելու համար։



Իր հերթին պրոֆեսոր Վիջեվանոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար։ Նա նշել է, որ այցի ընթացքում ունեցել է հանդիպումներ հայ մասնագետների հետ և բարձր է գնահատել նրանց մասնագիտական պատրաստվածությունը։ Պրոֆեսորը շեշտել է, որ ակտիվորեն ներգրավված է կրթական գործունեության մեջ և պատրաստ է աջակցել հայ երիտասարդներին՝ ուսման և մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռելով Հռոմում։



Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում հույս է հայտնել, որ ապագայում ևս հայկական կողմը հնարավորություն կունենա կրկին հյուրընկալելու անվանի պրոֆեսորին։



Զրույցի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտի արդիականացմանը, բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև ոլորտի կազմակերպական մի շարք հարցեր։