Քննարկել ենք բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները. Սիմիդյանը՝ Իտալիայի դեսպանի հետ հանդիպման մասին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:


 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։


 

Դեսպանին եմ ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հատկապես ընդգծելով 2026 թվականին Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նշանակությունը։ Անդրադարձել ենք հնարավոր համագործակցությանը համաժողովի նախապատրաստական գործընթացում։


 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Իտալիայի շրջակա միջավայրի անցումային նախարարության միջև 2021 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ծառայում բնապահպանական տարբեր ուղղություններով համատեղ նախաձեռնությունների զարգացման համար։


 

Հանդիպումը կարևոր քայլ էր մեր երկրների միջև բնապահպանական ոլորտում երկխոսության խորացման և երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների վերհանման ճանապարհին»,- նշված է գրառման մեջ։