ԲԴԽ անդամները Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել են «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» ծրագիրը

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմենուհի Հարությունյանը, Էդգար Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային քննարկում են իրականացրել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ կառավարման ավագ մասնագետներ և JUST-ի առաջադրանքի և ռազմավարական պլանավորման առաջադրանքի թիմի ղեկավարներ Դանիելա Ֆելկմանի, Եվա Մելիսի, հանրային հատվածի մասնագետ Նանե Հարությունյանի հետ։



Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գործընկերներին են ներկայացրել դատաիրավական բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության հետ մշակված 2026 թվականին մեկնարկելիք «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» (JUST) հնգամյա ծրագրի նախապատրաստման և ռազմավարական պլանավորման նպատակներն ու առաջնահերթությունները։



Ծրագրի հիմնական բաղադրիչով նախատեսվում է իրականացնել դատարանաշինության և դատարանների վերամոդելավորման, թվայնացման գործընթացը։


Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում տվյալ գործընթացին վերաբերող մանրամասների քննարկումն էր։



Պատասխանելով ԲԴԽ անդամների հարցերին՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն անդրադարձել են ծրագրի ուղղություններին, ժամկետայնությանը, մշտադիտարկման փուլերին և ձևերին։


Հատուկ ուշադրություն է հրավիրվել իրականացվելիք աշխատանքների ելակետային տվյալներին, գնահատման ցուցիչներին, նախատեսվող կատարողականի և վերջնարդյունքի համադրման ճշգրտությանը, միջանկյալ վերանայման հնարավորությանը։


Քննարկման առարկա է դարձել նաև ծրագրի չափելիությունը երաշխավորող գործիքակազմի առկայությունը։


Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների ձևաչափի և ժամկետների վերաբերյալ։